ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում ՀՀ ԱՍՀՆ “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության պետը 2010թ. պետական ծրագրի կատարման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացրեց նախարար Ա. Գրիգորյանին:
Բացելով քննարկումը` նախարարը նշեց, – “Այսօր խոսելու ենք զբաղվածության ոլորտում 2010թ. իրականացրած ծրագրերի, 2011թ. անելիքների և խնդիրների մասին: Հստակեցնելու ենք առաջնահերթությունները` բնակչության զբաղվածության խնդիրները լուծելու, սոցիալական լարվածությունը մեղմելու նպատակով: Նախանշելու ենք քայլեր, որոնք կբարձրացնեն մատուցվող ծառայությունների որակը, կկրճատեն աշխատանք փնտրող-գործատու ճանապարհը, կապահովեն աշխատանքի նոր ոճ, նոր մոտեցումներ: Զբաղվածության ոլորտի խնդիրները լուծելու համար մենք ֆինանսական լուրջ միջոցներ ենք ստանում, անհրաժեշտ է գնահատել իրականացվող ծրագրերի արդյունավետությունը: Մենք պետք է անենք հնարավորը` ակտիվ ծրագրերի մասին հանրությանն իրազեկելու, հատկապես` գյուղական բնակչության զբաղվածության խնդիրները լուծելու ուղղությամբ”:
Գործակալության պետ Ս. Հարությունյանը հանգամանորեն ներկայացրեց 2010թ. ծրագրերի կատարման արդյունքները, գործազրկության մակարդակի դինամիկան` սկսած 2005 թվականից, գործազրկության պաշտոնական և իրական մակարդակներն ըստ մարզերի` 01.01.2011թ. դրությամբ, աշխատանք փնտրողների կազմը, գործազուրկների բաշխումն ըստ տարիքի և կրթական ցենզի, գործատուների հետ համագործակցության բարելավման ուղղությամբ իրականացված և իրականացվող միջոցառումները պետական և միջազգային ծրագրերի շրջանակներում, միջազգային համագործակցությունը, տարվա ընթացքում տարբեր վերահսկողական մարմինների կողմից ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքները, ոլորտում առկա խնդիրները: Ըստ տ. Հարությունյանի` տարվա ընթացքում զբաղվածության մարզային և տարածքային կենտրոններում խորհրդատվություն է ստացել 206348 անձ, զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկվածների թիվը կազմել է 36076 (աշխատանք փնտրողների 38.6%-ը), աշխատանքի է տեղավորվել 11315 աշխատանք փնտրող նախատեսված 8800-ի փոխարեն, աշխատանքի է տեղավորվել հաշվառված երիտասարդների 14,7%-ը (2962 անձ), աշխատաշուկայում անմրցունակ անձանց (20404 անձ) 10,1%-ը` նախատեսված 1%-ի փոխարեն: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում աճել է զբաղվածության մարզային և տարածքային կենտրոնների հետ համագործակցող գործատուների թիվը, նրանցից ստացված թափուր աշխատատեղերի թիվը կազմել է 7927:
2010թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ գործազրկության մակարդակը կազմել է 6.9%, տարեսկզբի 7.1%-ի փոխարեն: Հաշվառված աշխատանք փնտրողների թիվ 93555 է, որից 79500-ը ստացել է գործազուրկի կարգավիճակ:
Միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ համատեղ իրականացված ծրագրերում ընդգրկվել է 946 աշխատանք փնտրող, որից 155-ը տեղավորվել է աշխատանքի:
Գործակալության պետը խոսեց նաև ոլորտում առկա հիմնախնդիրների մասին, մասնավորապես` գործազրկության բարձր մակարդակը առանձին մարզերում, իրական գործազրկության և պաշտոնապես գրանցված գործազրկության տարբերությունը, թաքնված զբաղվածությունը, նույն անձի մոտ մեկից ավելի աշխատանքային գրքույկների առկայությունը, որակավորումների ազգային շրջանակի բացակայությունը, տարածքային անհամաչափ զարգացումը, անհավասարակշիռ աշխատաշուկան, աշխատանքի մոտիվացիայի պակասը` պայմանավորված ցածր աշխատավարձով, աշխատանքային պայմաններով և թափուր աշխատատեղերի համալրումը ոչ ճիշտ ընտրված մասնագետներով: Նա առաջարկեց քննարկել ներկայացված խնդիրները և մշակել անհրաժեշտ բարեփոխումների նոր փաթեթ:
Ոլորտը համակարգող` նախարարի առաջին տեղակալ Ա. Պետրոսյանը ներկաներին տեղեկացրեց, որ մշակվում է զբաղվածության ոլորտի մոնիթորինգի և գնահատման նոր համակարգ, ինչը հնարավորություն կտա մինչև տարեվերջ նորովի գնահատել ծրագրերի արդյունավետությունը:
Հաջորդ հաշվետվությունը նախարարը կընդունի Լոռու մարզում: