Մարտի 25-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ Հաշմանդամության հիմնախնդիրներին նվիրված հանրային քնմնարկում, որին մասնակցում էին ՀՀ Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանը, նախարարության պատասխանատու աշխատողներ, քաղաքապետեր, գյուղապետեր, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի անդամներ, մարզի սոցիալական ծառայությունների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:
Մարզպետի բացման խոսքից հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանը ներկայացրեց հաշմանդամության հիմնախնդիրներին ուղղված պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, “Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին” ՄԱԿ-ի կոնվենցիայի դերը, “Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման” մասին ՀՀ նոր օրենքի դրույթները, պետական այն ծրագրերը, որոնք ուղղված են հաշմանդամություն ունեցող անձի վերականգնմանը և հասարակություն ինտեգրելուն, համակարգի կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների անելիքները` մատչելի և հարմարեցված միջավայր ապահովելու ուղղությամբ:
Կոնվենցիայի դրույթների մասին ներկաներին մանրամասն տեղեկատվություն տրամադրեց «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Ս. Թադևոսյանը, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ինտեգրելու ծրագրերն ավելի հանգամանորեն ներկայացրեց ՀՀ ԱՍՀՆ հաշմանդամների հիմնախնդիրների և հավասար հնարավորությունների ապահովման բաժնի պետ Կ. Պետրոսյանը:
Մասնակիցների բոլոր հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ:
Նման հանդիպումներ տեղի կունենան հանրապետության բոլոր մարզերում: