Աշխատանքի միջազգային կազմակերպությունը /ԱՄԿ/ տոնում է իր 90-ամյա գործունեությունը` գլոբալ երկխոսություն ծավալելով արժանապատիվ աշխատանքի և արդարացի գլոբալիզացիայի վերաբերյալ

0
102

2009թ. ապրիլի 21-28-ը, Ժնևում Աշխատանքի միջազգային կազմակերպությունը /ԱՄԿ/ տոնում էր իր 90-ամյա գործունեությունը: Հոբելյանը տեղի էր ունենում տնտեսության ու զբաղվածության ոլորտների լուրջ ճգնաժամի պայմաններում, տնտեսական Մեծ լճացման ժամանակահատվածում: Ամբողջ աշխարհում, հոբելյանական շաբաթվա շրջանակներում կազմակերպվեցին բանավեճեր, որոնք կենտրոնացված էին մի ընդհանուր թեմայի շուրջ, այն է` արժանապատիվ աշխատանքի վերաբերյալ արդարացի գլոբալիզացիայի նպատակներից ելնելով սոցիալական երկխոսություն ստեղծելը: Հոբելյանական միջոցառումներն անցկացվեցին աշխարհի ավելի քան 100 երկրներում` ծավալելով աշխատանքի ոլորտում գործողությունների ակտիվացմանն ու հույսի վերականգմանն ուղղված գլոբալ երկխոսություն:
Միջոցառումներն անցկացվեցին տարբեր ձևաչափերով, այդ թվում` նաև բանավեճերի տեսքով, որոնք տեղի ունեցան աշխատողների, գործատուների և կառավարության ներկայացուցիչների, պետության ղեկավարների, պառլամենտականների, գիտնականների և քաղաքացիական հասարակության անդամների մասնակցությամբ: Այդ օրերին մասնակից երկրները վավերացրեցին աշխատանքային միջազգային չափորոշիչները, ստորագրեցին արժանապատիվ աշխատանքի ծրագրեր, կազմակերպվեցին ֆինանսական ճգնաժամից դուրս գալու ուղիների որոնմանը նվիրված դասընթացներ, թափուր աշխատատեղերի տոնավաճառներ, տեղի ունեցավ արժանավայել աշխատանքի համար կառավարական պարգևների հանձնում: 90-ամյակի շրջանակներում նախատեսված էր նաև հրատարակել “ԱՄԿ-ն ու 1919-2009թթ. սոցիալական արդարության համար մղվող պայքարը” գիրքը:
Ինչպես նշեց ԱՄԿ-ի գլխավոր տնօրեն Խուան Սոմավիան, հոբելյանական միջոցառումները տեղի կունենան “գործազրկության աճի, ոչ լիակատար զբաղվածության, ձեռնարկությունների փակման, աշխատանքի պայմանների վատթարացման, աշխատանքի ոլորտում կանոններին չհետևելու վտանգների, անհավասարության աճի, աշխատողների աղքատության և խոցելիության ֆոնի վրա”:
“Մենք տոնում ենք հոբելյանը տնտեսական և սոցիալական անորոշության պայմաններում”,-հայտարարեց Սոմավիան: Նա ընդգծեց, որ “ԱՄԿ-ի ընդհանուր գաղափարները, մանդատն ու մեթոդները կյանքի կկոչվեն կոնկրետ երկրներում”:
ԱՄԿ-ի համար ճգնաժամը միշտ իրենից փոփոխություն է ենթադրել: Կազմակերպությունը, որ ստեղծվել է առաջին համաշխարհային պատերազմից հետո, հիմնված է ԱՄԿ-ի կանոնադրության հիմքում ընկած սկզբունքի վրա, այն է` “համընդհանուր և կայուն խաղաղություն կարող է հաստատվել միայն սոցիալական արդարության հիմքի վրա”: Այս 90 տարիների ընթացքում ԱՄԿ-ն ստիպված է եղել արձագանքել աշխատանքի ոլորտում եղած բազմաթիվ ճգնաժամերին` հիմնվելով սոցիալական արդարության նվաճմանն ուղղված մնայուն արժեքների, հետևողական քաղաքականության և գործնական ազդեցության վրա:
Գործիքները, որոնք մշակվել են ԱՄԿ-ի եռակողմ կառուցվածքի շրջանակներում ուղղակիորեն համագործակցող կառավարությունները, գործատուներն ու աշխատողները, ընկած են բազմաթիվ երկրների աշխատանքային օրենսդրության հիմքում և սահմանում են աշխատանքի ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները: Նրանք ներառում են այնպիսի բնագավառներ, ինչպիսիք են` աշխատանքի պայմանները, պաշտպանությունը, սոցիալական ապահովությունը, զբաղվածության զարգացումն ու մարդկային ռեսուրսները, միավորվելու ազատության և կոլեկտիվ բանակցությունների հիմնական սկզբունքները, մանկական և հարկադիր աշխատանքի, խտրականության արգելումը:
ԱՄԿ-ն ու իր անդամ հանդիսացող 182 երկրներում եռակողմ մասնակիցներն իրականացնում են կանոնաստեղծ գործունեություն, կատարում են հետազոտություններ, քաղաքական խորհրդատվություն, կատարում են փորձի փոխանակում և զարգացնում տեխնիկական համագործակցություն:
ԱՄԿ-ի պատմական առաքելությունն իրականություն դարձավ արժանապատիվ աշխատանքի հայեցակարգում: Արժանապատիվ աշխատանքը բոլոր տղամարդկանց և կանանց համար հնարավորություն է ազատության, հավասարության, անվտանգության և մարդկային արժանապատվության հարգանքի պայմաններում զբաղվել արտադրողական աշխատանքով: Արժանապատիվ աշխատանքի հայեցակարգը ակտիվ աջակցություն ստացավ գլոբալ, տարածաշրջանային և ազգային մակարդակում: Նրա հիմքում ընկած է ձեռնարկությունների զարգացումն ու զբաղվածությունը, աշխատանքի ոլորտի կանոնները, սոցիալական պաշտպանությունն ու երկխոսությունը: Հենց այսպիսի մոտեցումներն են թույլ տալիս հոգալ մարդկանց կարիքներն ու պահանջները` միաժամանակ ապահովելով արտադրողական աճ ու կայուն զարգացում:
“Պատերազմի և խաղաղության, տնտեսական աճի և անկման ժամանակաշրջաններում, կառավարությունները, աշխատողներն ու գործատուները հիմնվելով ընդհանուր արժեքների վրա բանակցությունների սեղանի շուրջ շարունակեցին համատեղ երկխոսությունը: Ըստ այդ արժեքների աշխատանքը պետք է լինի մարդկային արժանապատվության սկզբնաղբյուրը, այն չի կարող դիտվել որպես ապրանք և չքավորությունը կարող է վտանգ ներկայացնել ցանկացած երկրի ընդհանուր բարեկեցության համար: “ԱՄԿ-ի այդ արժեքներն ու գործողությունները ճանաչում ստացան 1969թ., երբ Կազմակերպությանը շնորհվեց խաղաղության Նոբելյան մրցանակը: Դրանք այսօր էլ շարունակում են ուղղորդել ու կանխորոշել մեր աշխատանքը”,-նշեց Սոմավիան:
Դեռևս 2004թ. ԱՄԿ-ի գլոբալիզացիայի սոցիալական ուղղվածության Համաշխարհային հանձնաժողովը կանխագուշակել էր առկա ճգնաժամի բազմաթիվ դրսևորումներ: Հանձնաժողովը հիմնվում էր գլոբալիզացիայի երևան հանած միտումների վրա, որոնք իրենց հետ բերեցին գլոբալ անհավասարություն: Այն բնութագրվեց որպես “բարոյապես անընդունելի և քաղաքականապես ոչ կենսունակ”:
Ըստ Խուան Սոմավիայի, հոբելյանական հանդիսությունները մեկ անգամ ևս առիթ են հաստատելու ԱՄԿ-ի հավատարմությունը հիմնարար արժեքներին և պետք է գործել այնպես, որպեսզի աշխատավորների և ձեռնարկությունների ընտանիքներին առնչվող խնդիրները հրատապ լուծում ստանան: “Մենք պետք է մշակենք քաղաքական որոշումներ, որոնք առաջ են մղում արժանապատիվ աշխատանքի սկզբունքները: Մենք պետք է խթանենք արժանապատիվ աշխատանքը հանուն սոցիալական արդարության և արդարացի գլոբալիզացիայի: Սա է մեր առաքելության նպատակը, մանդատն ու պարտականությունը”,- իր խոսքում նշեց ԱՄԿ-ի գլխավոր տնօրենը:
Ճգնաժամի դեմ պայքարում ԱՄԿ-ն կողմ է արժանապատիվ աշխատանքը որպես տնտեսության վերականգման որոշակի ֆակտոր դիտարկելուն և առաջարկում է մի շարք համալիր չափորոշիչներ, որոնք միավորում են զբաղվածության զարգացումը, “կանաչ” աշխատատեղերի ստեղծումը, կենսունակ ձեռնարկությունների զարգացումը, սոցիալական պաշտպանության ընդարձակումը և աշխատանքի ոլորտի հիմնարար սկզբունքների պաշտպանությունը: Այդպիսի համալիր մոտեցումը պետք է հիմնվի սոցիալական երկխոսության ստեղծագործական ներուժի վրա, որը թույլ կտա գտնել փոխադարձ ընդունելի որոշումներ:
Որպես կոնկրետ գործնական չափանիշ Խուան Սոմավիան առաջարկեց Աշխատանքի միջազգային կոնֆերանսի ամենամյա նստաշրջանում, որը տեղի կունենա այս տարի հունիսին, Ժնևում, Գլոբալ պայմանագիր կնքել աշխատատեղերի վերաբերյալ: Այդպիսի պայմանագիրը կօգնի տնտեսության առողջացմանը և նոր մեխանիզմների ստեղծմանը` հանուն ավելի արդարացի և բոլորի համար ձեռնտու գլոբալիզացիաների` հիմնված Արժանապատիվ աշխատանքի ծրագրի վրա:
Հոբելյանական օրերին ԱՄԿ-ն դարձյալ կոչ է անում գլոբալ գործողությունների` հանուն արժանապատիվ աշխատանքի: ԱՄԿ-ն կոչ է անում միավորվել արժանապատիվ աշխատանքի համար մղվող պայքարում բոլոր նրանց, ովքեր հանդես են գալիս մարդկանց բարեկեցությանն ուղղված հավասարակշռված և կայուն քաղաքականության օգտին: