2009թ. մայիսի 7-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ Թրաֆիկինգի զոհերի բարելավված պաշտպանության համար աջակցության և ռեսուրսային կենտրոնի /ԹՊԱՌԿ/ բացման արարողությունը, որին ներկա էին Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության /ԵԱՀԿ/ Մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ Էվա Բյոդեն, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներ, լրագրողներ, այլ պաշտոնատար անձինք:
Կենտրոնը ստեղծվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի հետ համատեղ` 2008թ. նոյեմբերի 4-ին ՀՀ ԱՍՀ նախարարության և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի միջև ստորագրված հուշագրի շրջանակներում: Այն իրականացնելու է մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարին ուղղված մի շարք ծրագրեր ու միջոցառումներ, որոնք ֆինանսավորվելու են Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և ԱՄՆ-ի կառավարությունների կողմից: Ծրագիրը մեկնարկել է 2008թ. հոկտեմբերին և տևելու է 22 ամիս, որի հիմնական նպատակն է աջակցել մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարում դերակատարում ունեցող համապատասխան կառույցներին` զոհերի պաշտպանության արդյունավետ, գործառնական մեխանիզմ ստեղծելու գործում` պետություն-հասարակական կազմակերպություն բարելավված համագործակցություն հաստատելով և զոհերի կարիքներին ու իրավունքների պաշտպանությանն ուղղված ռազմավարություն մշակելով: Ծրագրի ավարտից հետո ԹՊԱՌԿ-ը կընդգրկվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքում: Այդ նպատակով ծրագրի ավարտից առաջ ԹՊԱՌԿ-ն և ՀՀ ԱՍՀ նախարարությունը կմշակեն փոխանցման ռազմավարություն, ինչը կապահովի գործընթացի շարունակականությունը:
Ինչպես նշեցին հանդիպման մասնակիցները կենտրոնում ստեղծված ծառայությունները կնպաստեն առկա խնդրին վերաբերող տեղեկատվության ու փորձի մատչելի իրազեկումը հասարակության լայն շերտերին և կապահովեն մարդկանց անվտանգության պայմանները: