Դեռևս 2009թ. դեկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման /թրաֆիքինգի/ հարցերով խորհրդի և Արաբական Միացյալ Էմիրությունների մարդկանց շահագործման դեմ պայքարի ազգային կոմիտեի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակներում երկու երկրները պարտավորվում էին.
- ձեռնարկել ազգային բոլոր միջոցներն ու ընթացակարգերը մարդկանց շահագործման /թրաֆիքինգի/ դեմ պայքարելու, զոհերին պաշտպանելու և նրանց օժանդակություն տրամադրելու գործընթացում,
- իրականացնել փորձագիտական փոխանակում` մարդկանց շահագործման /թրաֆիքինգի/ խնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացման և այս ոլորտում մասնագիտացված հետազոտական աշխատանքներին և ուսումնասիրություններին աջակցելու նպատակով,
- փոխանակել համապատաասխան տեղեկատվություն մարդկանց շահագործման /թրաֆիքինգի/ դեմ պայքարի ազգային օրենսդրության վերաբերյալ,
- համագործակցել վերապատրաստման, համատեղ ուսուցողական ծրագրերի կազմակերպման և մարդկանց շահագործման /թրաֆիքինգի/ դեմ պայքարում փորձագետների փոխանակման ոլորտներում` երկու կողմերի կրթական, հետազոտական և վերապատրաստման կառույցների միջոցով:
Մարտի 21-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում ԱՄԷ պատվիրակության հետ, որի ընթացքում քննարկվեցին կատարված աշխատանքների արդյունքները, անհանգստացնող հարցերն ու խնդիրները, հետագա համագործակցության զարգացման ծրագրերը:
Կողմերը հանգամանորեն ներկայացրեցին իրենց ընթացակարգերը, մասնավորապես թրաֆիքինգի զոհերի աջակցությունը, նրանց վերականգնմանն ու վերաինտեգրմանն ուղղված կարևոր ծրագրերը, հասարակության իրազեկվածության բարձրացմանն ուղղված աշխատանքները:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցության շրջանակներում իրականացնել նաև այնպիսի ծրագրեր, որոնք հնարավորության կտան անձին ետ պահել թրաֆիքինգի ռիսկից: