0
142

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ “Lragir.Am”-ում շարունակվում են ՀՀ Շիրակի մարզի Ղարիբջանյան համայնքի բնակիչ Ս. Հարությունյանի երեխաների վերաբերյալ հրապարակումները, ինչպես նաև խնդրին վերջնական լուծում տալու նպատակով` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը մարտի 10-ին հրավիրել էր  քննարկում, որին մասնակցում էին Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների բաժնի պետ Լուսինե Գինոսյանը, Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի ու պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հասատատության տնօրեն Անահիտ Կարապետյանը, Գյումրու “Թռչունյան տուն” մանկատուն-կրթարանի տնօրեն Սոնա Սիմոնյանը և “Lragir.am-ի” լրագրող Սիրանույշ Պապյանը: Հանդիպման նպատակն էր` քննարկել երեխաների խնամքը մեկ հաստատությունում կազմակերպելու հնարավոր տարբերակը:

Քննարկման արդյունքում որոշվեց. երեխաների հոր` Սեյրան Հարությունյանի  համաձայնությունը ստանալուց հետո երեք երեխաներին խնամել “Թռչունյան տանը”, քանի որ այդ հաստատությունում հնարավոր է կազմակերպել և դպրոցահասակ և նախադպրոցական տարիքի երեխաների խնամք, մի բան, որի հնարավորությունը Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի ու պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հասատատությունը չունի:

“Թռչունյան տան” տնօրեն Սոնա Սիմոնյանը թեև պատրաստակամություն  հայտնեց երեխաներին ընդունել, սակայն մտավախություն ուներ, որ Սեյրան Հարությունյանը նորից կգա, կբոյկոտի, “քանի որ նա անկառավարելի, անկանխատեսելի մարդ է, երեխաներին կտանի և չի բերի”: Որպես ապացույց, տնօրենը պատմեց նման մի դեպք, երբ հայրը երեխային մեկ շաբաթով տարել է և երկու ամիս չի բերել, երեխային թաքցրել է, և միայն անանուն զանգով է հնարավոր դարձել գտնել երեխայի տեղը: “Գնում ենք, անմարդկային պայմաններ, աղբի, գոմերի, անասուների հետ է երեխան, բերում ենք, որից հետո զրոյից նորից սկսում ենք”, պատմեց տնօրենը:

Նախարարը հանձնարարեց, որպեսզի որևէ խոչընդոտ չհարուցվի ծնողների համար` երեխաներին այցելելու, շփվելու հարցում, տարածքում տեղ հատկացվի տեսակցության համար, բայց, “Երեխաներին դեռևս ձեռնպահ ենք մնում ծնողների հանձնելուց, քանի դեռ համոզված չենք, որ նրանց անվտանգությունն ապահովված է: Մենք կխնամենք, կպահենք, կկրթենք երեխաներին”, ասաց նախարարը:

Նախարարը նաև հանձնարարեց տիկին  Գինոսյանին` պարբերաբար այցելել երեխաներին և իրեն տեղեկացնել երեխաների վիճակի մասին: