Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող

0
103

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դ.Գերչևան և մի շարք պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ քննարկեցին ՄԱԿ-ի զարգացման աջակցության ծրագրի (ՄԱԿԶԱԾ/UNDAF) չորս արդյունքների (տնտեսական հավասար հնարավորություններ, ժողովրդական կառավարում, սոցիալական ծառայություններ, շրջակա միջավայրի հիմնահարցեր և ճգնաժամային կառավարում) իրագործման ուղղությամբ գրանցված առաջընթացը:

ՄԱԿԶԱԾ-ն (2010-2015թթ.) այն հիմնական ռազմավարական փաստաթուղթն է, որն ուղղորդում է ՄԱԿ-ի համակարգի կողմից Հայաստանին տրամադրված ընդհանուր օժանդակությունը: Այն համատեղ մշակվել է ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից ու լիովին համապատասխանում է ազգային առաջնահերթություններին և զարգացման կարիքներին:

ՄԱԿԶԱԾ-ի չորս ռազմավարական առաջնահերթությունները կենտրոնանում են խոցելի խմբերի նկատմամբ անհավասարության վերացման, ինչպես նաև նույն խմբերի տնտեսական և սոցիալական հնարավորությունների ընդլայնման միջոցով ներառական և կայուն աճի խթանման վրա, քաղաքացիների` իրենց իրավունքների կիրառման և պարտականությունների  կատարման կարողունակության, ինչպես նաև պետական հաստատությունների պարտավորությունների բարելավման վրա, կայուն զարգացման սկզբունքներին համահունչ` սոցիալական ծառայությունների մատչելիության, ինչպես նաև բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման կառավարումն ուժեղացնելու վրա:

Քննարկման սկզբում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան նշեց. “Հայաստանում ՄԱԿ-ի համակարգն իր հավաքական, միասնականացված ու  համատեղված ներդրումներով նպաստում է սոցիալական փոխակերպմանն ու  մարդկային զարգացման առաջընթացին”:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արա Պետրոսյանը նշեց, որ ՄԱԿ-ի կառույցների հետ համագործակցությունը համակարգված է և բխում է ՀՀ կառավարության ռազմավարական խնդիրներից ու գերակայություններից:

Որպես 3-րդ բաղադրիչի համազեկուցող պարոն Պետրոսյանը ներկայացրեց ոչ միայն սոցիալական պաշտպանության, այլև առողջապահության, կրթության ոլորտներում իրականացված աշխատանքը, մասնավորապես` առողջապահության ոլորտում օրենսդրության կարգավորումը, սոցիալապես խոցելի խմբերի համար առողջապահական ծառայությունների հասանելիության   բարձրացումը,  ծնունդների և մահերի գրանցման համակարգի ստեղծումը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման միջոցառումները: Կրթության ոլորտում բանախոսն առանձնացրեց ներառական կրթության համակարգի միջոցով բարձրորակ կրթության ապահովման խնդիրը, իսկ սոցիալական պաշտպանության ոլորտում` սոցիալական ինտեգրված ծառայությունների մոդելի ստեղծման, ներդրման, սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման, գենդերային բռնության կանխարգելման, փախստականների բնակարանային ապահովման   ուղղությամբ իրականացված քայլերը:

Ըստ պարոն Պետրոսյանի`  դեռևս անելիքներ կան խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում /մանկատուն, գիշերօթիկ խնամքի հաստություն/ երեխաների խնամքի սոցիալական նվազագույն չափորոշիչների կիրառման բնագավառում: