Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը հոկտեմբերի 22-ին այցելել է Գյումրու «Երեխաների տուն»՝ տեղում ծանոթանալու օրեր առաջ Ֆրիտյոֆ Նանսենի անվան գիշերօթիկ հաստատության բակում 18-ամյա մոր կողմից թողած երկվորյակ տղաների առողջությանն ու դեպքի մանրամասներին։
Մանե Թանդիլյանն անձամբ տեսակցել է փոքրիկներին, խնամող մասնագետների հետ զրուցել նրանց առողջական վիճակի և խնամքի հետ կապված խնդիրների մասին։ Ապա նախարարի պաշտոնակատարը մասնակցել է Գյումրի համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի ընդլայնված արտագնա նիստին՝ փոքրիկների հետագա ճակատագրին վերաբերող քննարկմանը։
Նիստին մասնակցել են նաև Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը, դեպքի մասով աշխատող ոստիկանները, ինչպես նաև Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աննա Գևորգյանը։
Նախարարը ծանոթանալով գործի բոլոր մանրամասներին՝ շնորհակալություն է հայտնել օպերատիվ և արդյունավետ աշխատանքի համար։ Վերջինս մտահոգություն հայտնելով, թե ինչու է երիտասարդ մայրն այդքան հապճեպորեն հրաժարվել փոքրիկներից։ Նիստի մասնակիցները ներկայացրել են երիտասարդ կնոջ սոցիալական պայմանների և հոգեկան վիճակի մասին իրենց ունեցած տեղեկությունները, քննարկել երեխաներին կենսաբանական մորը վերադարձելու հնարավորությունները։
«Մեր երկրում ծնվել են 2 առողջ, հրաշալի տղաներ, և մենք պետք է անենք ամեն ինչ ապահովելու նրանց՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը։ Անկախ հանգամանքներից՝ մենք պետք է կանգնած լինենք այս փոքրիկ ընտանիքի կողքին. նրանց մայրիկը պետք է վստահ լինի, որ այս փոքրիկներն այս պահին ամենից շատ հենց իր կարիքն ունեն»,- նշել է նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը։
Նախարարի պաշտոնակատարը փաստել է, որ ստացված տվյալները ցույց են տալիս, որ փոքրիկներին մանկատուն հանձնելու երիտասարդ կնոջ որոշումը պայմանավորված է եղել միաժամանակ մի շարք գործոններով, որոնց թվում, ցավոք, մեծ կշիռ ունեն սոցիալական խնդիրները։
Եվ պետությունը, և հանրությունը այսօր պատրաստ է երիտասարդ մորը տրամադրել անհրաժեշտ աջակցություն՝ փոքրիկներին ընտանիք վերադարձնելու համար։ Նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը նշեց, որ այս պահին ունեցած տեղեկությունները թույլ են տալիս եզրակացնել, որ երեխաների լավագույն շահից է բխում ապրել և մեծանալ կենսաբանական մոր հետ։ Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ համապատասխան մասնագետների աջակցությամբ անձամբ անելու է ամեն ինչ՝ ցույց տալու երիտասարդ մորը, որ երեխաների և իր պաշտպանությունը պետության ուշադրության կենտրոնում են։
Նիստի մասնակիցները արձանագրել են, որ շատ են նաև անհատներ և տարբեր կառույցներ, որոնք առաջարկում են իրենց աջակցությունը։ Միաժամանակ մասնագետները փաստում են, որ խնդրի լիարժեք լուծման համար ֆինանսական և նյութական աջակցությունը քիչ է. երիտասարդ մայրը նաև հոգեբանական աջակցության և գիտելիքների կարիք ունի։
Նիստի ընթացքում մասնակիցները որոշում կայացրին փոքրիկներին, ընդունված ընթացակարգի համաձայն, հաշվառել որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ և տեղավորել Գյումրու «Երեխաների տանը», սակայն փոքրիկների որդեգրման գործընթացին ընթացք չտալ մինչև մայրիկի հետ տարվող աշխատանքների ավարտը։
Նախարարի պաշտոնակատարը զրուցել է նաև Շիրակի մարզի դատախազի հետ, քննարկել գործի ընթացքն ու դրա լուծման լավագույն հնարավոր տարբերակները։
Նախարարը նշում է՝ այս դեպքը գալիս է փաստելու, որ պետության քաղաքականությունը, որն ուղղված է մանկատների բեռնաթափմանն ու ընտանիքների հզորացմանը, առավել քան արդիական է. «Մենք պետք է համապատասխան միջավայր ստեղծենք, որ ոչ մի երեխա մեր երկրում սոցիալական խնդիրների պատճառով չմնա առանց ծնողական խնամքի։ Մեր հիմնական ռեսուրսները պետք է ուղղված լինեն ընտանիքների կարիքների ճիշտ գնահատմանն ու ըստ այդ կարիքների համայնքներում համապատասխան սոցիալական ծառայությունների մատուցմանը»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» պահակը բակում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել էր նորածին երկու տղաների։ Ավելի ուշ հայտնաբերված 18-ամյա միայնակ մայրը պաշտոնապես հրաժարվել էր փոքրիկներից։ Երեխաների ճակատագրով զբաղվող մասնագետները հավատացած են՝ երեխաներին ընտանիք վերադարձնելու հնարավորություն դեռ կա։