Զարուհի Բաթոյանը հանդիպել է Տարեցների սոցիալական պաշտպանության ցանցի անդամների հետ

0
589

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը հանդիպել է Տարեցների սոցիալական պաշտպանության ցանցի անդամների հետ։ Փոխնախարարը ցանցի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է տարեցների սոցիալական պաշտպանությանն առնչվող հարցեր և ոչ միայն։

«Կարծրատիպ կա, թե տարեց մարդկանց միայն խնամք է անհրաժեշտ։ Հասարակությունը տարեցներին չի դիտարկում որպես ակտիվ քաղաքացիներ։ Պետք է կարողանանք փոխել այս մոտեցումը, ստեղծել այնպիսի պայմաններ, որ տարեցներն իրենց լիարժեք քաղաքացիներ զգան, դրսևորեն իրենց պոտենցիալը»,- ընդգծեց Զարուհի Բաթոյանը։

Նախարարի տեղակալը ցանցի անդամներին ներկայացրեց տարեցների ոլորտում իրականացվելիք ծրագրերը, բարեփոխումները, խոսեց նաև խնդիրների մասին՝ հատկապես կարևորելով տարեցներին մատուցվող ծառայությունների քանակի և որակի բարելավումը։

«Մենք ունենք տարեցներին ծառայություններ մատուցելու փորձ, բայց նաև շատ խնդիրներ ունենք։ Քիչ են այն կազմակերպություններն, ում կարող ենք պատվիրակել։ Կարիք կա նաև համալրելու ծառայությունների ցանկերն ու ընդլայնելու աշխարհագրությունը։ Կարծում եմ՝ համատեղ ուժերով կկարողանանք անել ավելին»,- ասաց նախարարի տեղակալը։

Տարեցների սոցիալական պաշտպանության ցանցը հիմնադրվել է 2015 թվականի դեկտեմբերին։ Զբաղվում է ՀՀ-ում տարեցների սոցիալական պաշտպանության հիմնախնդիրներով՝ համախմբելով խնամքի տրամադրմամբ զբաղվող պետական, հասարարական և մասնավոր կառույցներին: Ցանցի անդամները Զարուհի Բաթոյանին ներկայացրին իրենց գործունեությունը, ընթացիկ ծրագրերը։

ՀԿ ոլորտի ներկայացուցիչներն ու նախարարի տեղակալը կարևորեցին տարեցների ներգրավվածության ապահովումը իրենց համար արվող ծրագրերում, քանի որ նրանց կարծիքը փորձագետների կարծիքից պակաս կարևոր չէ։

Ստեղծումից ի վեր Տարեցների սոցիալական պաշտպանության ցանցն ակտիվորեն համագործակցում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։ Համատեղ ծրագրերը շարունակական են լինելու ոչ միայն խնամքի տրամադրման, այլև շահերի պաշտպանության ոլորտում։