Նախարարությունը և Աշխատանքի միջազգային կազմակերպությունը 2019-2023թթ․ զբաղվածության ռազմավարության մշակման ճանապարհին են

0
350

Ս/թ. հոկտեմբերի 24-ին Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) աջակցությամբ տեղի է ունեցել ՀՀ զբաղվածության ոլորտի ռազմավարության մշակման թեմային նվիրված ազգային եռակողմ աշխատաժողով` պետական մարմինների, սոցիալական գործընկերների և ԱՄԿ միջազգային փորձագետների մասնակցությամբ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը բացելով աշխատաժողովը՝ խոսեց երկրի տնտեսության զարգացման գործում զբաղվածության ռազմավարության դերի մասին: Ռազմավարության համար, որպես նոր բաղադրիչներ ընդգծեց ռազմավարության իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական հաշվարկների (Costing) առկայությունը, ոլորտային աշխատանքային խորհրդատուների և աշխատանք փնտրող անձանց կարիքները գնահատող (profiling) մասնագետների պատրաստման և կարողությունների հզորացման  խնդիրը:

«Մակրոտնտեսությունը և աշխատաշուկայի հեռանկարները Հայաստանում» թեմայի շրջանակներում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացվեց նաև Զբաղվածության 2019թ. պետական ծրագիրը, ոլորտում առկա իրավիճակը և զարգացման միտումները:

ԱՄԿ փորձագետները իրենց ելույթներում ներկայացրեցին Զբաղվածության ազգային քաղաքականության մշակման միջազգային փորձը, քաղված դասերը, Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակի վերլուծությունը և համեմատականը տարածաշրջանի այլ երկրների հետ, ինչպես նաև Զբաղվածության պետական ծառայությունների դերը աշխատաշուկայի ակտիվ ծրագրերի իրականացման գործում:

Հաջորդիվ, ծավալվեց քննարկում Հայաստանում զբաղվածության մարտահրավերների և գերակայությունների մասին, որի ընթացքում գործընկեր պետական մարմինների ներկայացուցիչները բարձրաձայնեցին իրենց տեսակետներն ու մոտեցումները մի շարք խնդիրների վերաբերյալ, ինչպիսիք են՝ աշխատանքի ցածր վարձատրությունը, աշխատանքի ոլորտում տեսչական մարմնի բացակայությունը, կրթություն-աշխատաշուկա թույլ կապը, զբաղվածության ակտիվ ծրագրերի ճկունության բացակայությունը, ոլորտի զարգացմանն ուղղված ֆինանսական ռեսուրսների սղությունն և այլն:

Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց սկսել ՀՀ զբաղվածության 2013-2018թթ. ռազմավարության գնահատման աշխատանքները, ինչպես նաև մինչև տարեվերջ վերջնականացնել ՀՀ զբաղվածության 2019-2023թթ․ մշակման հետ կապված անելիքները։