Տեղի է ունեցել համակարգող խորհրդի նիստը

0
328

Հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել ազգային մակարդակում սոցիալական համագործակցության աջակցող ցանցի համակարգող խորհրդի նիստ, որը վարում էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը:

Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել համակարգող խորհրդի կողմից իրականացվելիք հետագա աշխատանքները, նախատեսել ազգային մակարդակում սոցիալական համագործակցության աջակցող ցանցի կառավարման բարձրագույն մարմնի՝ համագումարի հրավիրման ժամկետների, օրակարգի կազմման հետ կապված հարցեր:

Քննարկվեց 2018 թվականի նոյեմբեր ամիսը «սոցիալական ամիս» հայտարարելու առաջարկությունը, որն իրականացվելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 100-ամյակի և սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման 25-ամյակի համատեքստում:

Հաջորդ հարցը վերաբերում էր կյանքի դժվարին իրավիճակում հայտնված նախկինում մանկատներում բնակված մի շարք երիտասարդների կողմից բարձրացված հարցերի լուծմանը:

Տեղի ունեցով շահագրգիռ քննարկում, համակարգող խորհրդի անդամների, ինչպես նաև հրավիրված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հնչեցին նրանց աջակցելու հնարավոր որոշում-առաջարկություններ:

Համակարգող խորհրդի անդամները լսեցին նաև «Պետական աջակցության ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրում ընդգրկված շահառու Մելինե Պլանուկյանին: Ամփոփելով ներկայացված տեղեկատվությունը՝ Խորհուրդը որոշում ընդունեց Մելինեին հատկացնել բնակարան Թբիլիսյան խճուղի 3/14 հասցեում:

Խորհրդի անդամները կարծիք արտահայտեցին, որ նմանատիպ քննարկումները անհրաժեշտ է շարունակել, նման ճակատագիր ունեցող անձանց սոցիալական խնդիրների լուծման տարբեր սցենարներ մշակելու համար: