Ապրիլի 12-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը: Օրակարգում ընդգրկված էր երկու հարց` “Աշխատանքի վարձատրության առկա իրավիճակի մասին տեղեկատվության” և “Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության” ներկայացում և քննարկում: Նիստը վարում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը:
Օրակարգը հաստատելուց հետո առաջին հարցի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը: Նա հանգամանորեն ներկայացրեց աշխատանքի վարձատրության առկա իրավիճակը, աշխատանքի վարձատրության բնագավառում իրականացվող բարեփոխումները, որոնք նպատակաուղղված են աշխատանքի արդյունավետության խթանմանը, աշխատանքի վարձատրության պետական երաշխիքների ապահովմանն ու աշխատողների իրավունքների օրենսդրական պաշտպանվածության ամրապնդմանը, մասնավորապես` արժանապատիվ և արդյունավետ աշխատավարձի ապահովման համար անհրաժեշտ մեխանիզմների ներդրմանը, նվազագույն աշխատավարձի արդյունավետ չափի սահմանմանը, հանրային ծառայողների աշխատանքի վարձատրության գործող մեխանիզմների բարեփոխմանը:
Ներկաների կողմից հնչեցին բազմաթիվ առաջարկություններ, որոնց հիման վրա հանձնաժողովը որոշեց.
- կենսապահովման նվազագույն զամբյուղը և բյուջեն դնել սոցիալական քաղաքականության հիմքում և այդ ուղղությամբ ապահովել օրենսդրական դաշտ,
- հանձնաժողովի անունից դիմել Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությանը` Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության առկա իրավիճակի գլոբալ ուսումնասիրություն կատարելու նպատակով, որը հնարավորություն կտա մշակել և ներկայացնել աշխատավարձի քաղաքականության ոլորտի բարեփոխումների փաթեթ` ուղղված նվազագույն աշխատավարձի սահմանմանը և հանրային ծառայության վարձատրության համակարգի բարեփոխումներին:
Օրակարգի երկրորդ հարցը ներկայացրեց նախարարության աշխատակազմի կենսաթոշակային ապահովության վարչության պետ Սմբատ Սաիյանը: Վերջին տասնամյակներում արձանագրված սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական փոփոխությունները բացասաբար են անդրադարձել ՀՀ կենսաթոշակային համակարգի ֆինանսական կայունության վրա: Արդյունքում կենսաթոշակների չափը շարունակում էր մնալ ցածր և կենսաթոշակների վճարմանն ուղղված ծախսերը, կազմելով սոցիալական հատվածի ծախսերի ամենամեծ բաղադրիչը և համարվելով երկրի սոցիալական պաշտպանության քաղաքականության ամենածանրակշիռ ուղղությունը, ոչ միայն չեն ապահովել կենսաթոշակառուի արժանավայել կյանքը, այլև մեծ մասամբ չեն բավարարել կենսաթոշակառուի կենսական նվազագույն պահանջները հոգալուն:
Պարոն Սաիյանը մասնակիցներին ներկայացրեց դեռևս ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1487-Ն որոշմամբ հաստատված կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի և բարեփոխումների իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցի նպատակն ու անհրաժեշտությունը, մասնավորապես, կամավոր և պարտադիր կենսաթոշակային ապահովագրության համակարգերի կայացման հետ կապված իրականացված աշխատանքներն ու հետագա անելիքները:
Ներկայացված տեղեկատվությունը ընդունվեց ի գիտություն:
Բարձրացված խնդիրների վերաբերյալ իր դիտարկումները ներկայացրեց նաև նախարար Ա. Գրիգորյանը:
“Մեր երկրում կան բազմաթիվ անհանգստացնող ու չլուծված խնդիրներ` վարձատրություն, աշխատանք, գործազրկություն, որոնք հանդիսանում են մարդու արժանապատիվ ապրելու հիմքը: Մենք հանդես ենք գալիս հավասար իրավունքներով և պարտավորություններով, ուստի կոչ եմ անում Ձեզ, որպես գործընկեր ամբողջ բեռն ու պատասխանատվությունը չթողնել նախարարության վրա և առիթի ու հնարավորության դեպքում բարձրաձայնել բոլորիս հուզող և անհանգստացնող խնդիրները: Ակնհայտ է, որ նշված խնդիրների լուծման ճանապարհը ուղղակիորեն կապված է երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ, բայց մենք ևս ունենք մեր անելիքները”,- իր խոսքում նշեց նախարարը:
Նիստում որոշվեց բարձրացված խնդիրների վերաբերյալ մշակել առաջարկությունների փաթեթ: