ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ս/թ մարտի 24-ից ապրիլի 14-ը Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում կազմակերպել էր “Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին” ՄԱԿ-ի կոնվենցիայի, “Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին” ՀՀ օրենքի նախագծի հանրային իրազեկման գործընթաց:
Հանդիպումներին մասնակցում էին հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովների անդամներ, մարզպետարանի այլ ստորաբաժանումների աշխատակիցներ, տվյալ մարզում գործող` հաշմանդամների հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, այլ պատասխանատու անձինք:
Նախարարության պատասխանատու աշխատակիցներից կազմված խմբերը ներկայացրել են հաշմանդամության ոլորտում իրականացվող քաղաքականության հիմնական ուղղությունները, “Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին” ՄԱԿ-ի կոնվենցիան (երբ է ընդունվել, ստորագրվել, վավերացվել, հիմնական մոտեցումները, դրույթները), Կոնվենցիայից բխող մեր պետության քայլերը (նոր օրենքի նախագիծ, մոտեցումներ, դրույթներ, նրանց ազդեցության գնահատում), հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրման ու վերականգնման նպատակով իրականացվող պետական ծրագրեր, տեղական ինքնակառավարման մարմինների դերը հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ինտեգրելու գործընթացն ապահովելու համար (մատչելիության, աշխատատեղերի ստեղծում, հեռուստահաղորդումների սուրդոթարգմանություն, ՀԿ-ների հետ համատեղ աշխատանք), հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովների դերը և այլ հարցեր:
2-3 ժամ տևած հանդիպումներն անցել են հետաքրքիր, կառուցողական մթնոլորտում, մասնակիցների կողմից տրված բոլոր հարցերին նախարարության պատասխանատուների կողմից տրվել են սպառիչ պատասխաններ: