Համայնքային կյանքում զարացող գործընթացներում մարզային երիտասարդների մասնակցությունն ակտիվացնելու, նրանց` աշխատանք փնտրելու առանձնահատկությունները բացահայտելու, աշխատանքային միջավայրում հեշտ ինտեգրմանն աջակցելու նպատակով հանրապետության բոլոր մարզերի 280 երիտասարդ մասնակցել է աշխատաշուկա մուտք գործելու համար անհրաժեշտ հմտությունների զարգացմանն ուղղված ծրագրին:
Նախաձեռնությունն իրականություն է դարձել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի համատեղ աշխատանքի արդյունքում: Ապրիլին շարունակական հանդիպումների ընթացքում մասնակիցները ծանոթացել են աշխատանք փնտրելու հնարավորությունների, գործատուների հետ շփման առանձնահատկությունների, հարցազրույցի անցկացման հիմնական դրույթների, հանրային հարաբերությունների, գովազդի և զանգվածային լրատվամիջոցների ազդեցության մեթոդների յուրահատկություններին:
Ստացած տեղեկատվությունը երիտասարդներն ամրագրել են գործնական, խմբային աշխատանքների, դերային խաղերի միջոցով: Հանդիպումների ընթացքում նախատեսվել և իրականացվել են նաև քննարկումներ, բանավեճեր: Հանդիպումների ընթացքում մասնակիցներն իրենք են առաջադրել նաև աշխատանք գտնելու կարևոր գործոնները, բացահայտել խնդիրների լուծման հնարավոր ուղիները:
Երիտասարդների ակտիվ մասնակցությունը և նրանց կողմից բարձրացված հարցադրումները առավել հետաքրքիր և արդյունավետ են դարձրել հանդիպումները: Այդ մասին են վկայում նաև մասնակիցների կողմից, ըստ կարիքի, աշխատանքային հմտությունները զարգացնող դասընթացներին առնչվող նոր թեմաների առաջադրումը: Շարունակվում են աշխատանքները մարզային երիտասարդների հետ: