Վայրը` Կոնգրես հյուրանոց, Պիկասո դահլիճ
Օրը` 21.03.2012թ.
ժամը` 12.00
Տեղի կունենա հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազ•ային հանձնաժողովի հերթական, ընդլայնված նիստը:
Օրակարգում` 1. ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից մեկնարկող “ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ” ծրագրի ներկայացում, 2. Երևանի և մարզային հանձնաժողովների նախագահների հաշվետվություններ 2011թ. կատարած աշխատանքների մասին:
Միջոցառմանը մասնակցում են հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱՍՀ նախարար Արթուր Գրիգորյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման, “Սեյվ դը չիլդրեն”-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Իրինա Սաղոյանը, ՀՀ կառավարության, “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության, Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի, միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների, տեղական հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
ՙՀաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով՚ ծրագիրը Հայաստանում կխթանի հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար աշխատանքային պայմանների ապահովումը:
Հայաստանում կա պաշտոնապես գրանցված 179 257 հաշմանդամ անձ: Նրանց մեծ մասը շարունակում է դիմակայել հասարակության կողմից հաշմանդամության թյուր ընկալմանը, կանոնակարգերի ոչ պատշաճ կիրառմանը և աշխատավայրում խտրականության դրսևորումներին: Բացի այդ, հաշմանդամություն ունեցող անձինք հաճախ բավարար տեղեկություններ չունեն իրենց իրավունքների վերաբերյալ:
Թեև մեր երկրում նկատելի բարեփոխումներ են իրականացվել, հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները հիմնականում բավարարված չեն, և ամբողջական մոտեցում ցուցաբերելու խիստ կարիք կա` հաշմանդամությունը պատշաճ կերպով դասակարգելու, մեծամասշտաբ մասնագիտական վերապատրաստումներ և աշխատանքին համապատասխանեցման ծառայություններ ապահովելու նպատակով: ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ “Սեյվ դը չիլդրեն”-ի կողմից իրականացվող նոր ծրագիրն իր նպատակի իրականացման համար կկիրառի հետևյալ ռազմավարությունները.
ա/հաշմանդամություն ունեցող անձանց անհատական զարգացում` գնահատման, հմտությունների խթանման և աշխատանքի տեղավորման միջոցով,
բ/ծառայություններ մատուցողների, հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների, գործատուների և միջին մասնագիտական կրթական հաստատությունների կարողությունների զարգացում` հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները հոգալու համար,
գ/լրատվամիջոցների, ինտերնետի և համաժողովների միջոցով հանրային իրազեկության բարձրացում և հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավում,
Ծրագիրը կիրականացվի Երևանի 10 համայնքներում և Արարատի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում:
Օրակարգի երկրորդ հարցի մասին հաշվետվություններ կներկայացնեն տարածքային հանձնաժողովների նախագահները: