Նոր ծրագիր հաշմանդամություն ունեցող անձանց համար

0
75

“Կոնգրես”  հյուրանոցում տեղի ունեցավ  հաշմանդամություն  ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական, ընդլայնված նիստը:
Օրակարգում` ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից մեկնարկող “ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ”  ծրագրի ներկայացում, Երևանի և մարզային հանձնաժողովների նախագահների հաշվետվություններ 2011թ. կատարած աշխատանքների մասին:
Միջոցառմանը մասնակցում էին հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱՍՀ նախարար Արթուր Գրիգորյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման, “Սեյվ դը չիլդրեն”-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Իրինա Սաղոյանը, ՀՀ կառավարության, “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության, Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի, միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների, տեղական հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Ողջունելով նիստի մասնակիցներին` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը նշեց,- “Վերջին շրջանում հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներին առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերվում: Պետությունը պետք է կանգնի հատկապես անկարող մարդու կողքին: Եկել է ժամանակը հաշմանդամություն ունեցող անձին կենսաթոշակ կամ նպաստ տրամադրելու փոխարեն նրա զբաղվածության խնդիրները լուծելու: Հաշմանդամին չպետք է խղճալ, պետք է աջակցել` լուծելով զբաղվածության, կրթության, առողջապահության հարցերը: Այս ծրագիրը հենց այդ խնդիրների լուծմանն է ուղղված և մեր երախտիքի խոսքը ԱՄՆ ՄԶԳ-ին կհայտնենք գործի տեսքով”:
ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը նշեց, որ իր կինը երկար տարիներ զբաղվում է հատուկ  կարիքներ ունեցող մարդկանց հարցերով և ինքը լավատեղյակ է խնդրի բոլոր նրբություններին: Ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է պետական գերատեսչությունների, մասնավոր հատվածի, հասարակական հազմակերպությունների, ամբողջ հասարակության համախմբումը:
Ողջույնի խոսքերից հետո ծրագրի ղեկավար Ջինա Սարգիզովան հանգամանորեն ներկայացրեց ծրագրի բաղադրիչները, իրականացման ժամկետները, ակնկալվող արդյունքները, ինչից հետո պատասխանեց ներկաների հարցերին:
Օրակարգի երկրորդ հարցի մասին հաշվետվություններով հանդես եկան Երևանի և մարզային հանձնաժողովների պատասխանատուները: Շրջակա միջավայրի հարմարեցման հարցը հանրապետության բոլոր մարզերում մոտավորապես նույն պատկերն ունի` որոշակի քայլեր կատարվում են, սակայն խնդրի վերջնական լուծմանը հասնելու համար դեռևս ժամանակ և ջանքերի համախմբում է անհրաժեշտ:
Ամփոփելով նիստի աշխատանքները պարոն Գրիգորյանը մեկ անգամ ևս նշեց, որ նախարարությունը մեծ աշխատանք է տանում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները վերհանելու, դրանց լուծումներ տալու ուղղությամբ: Նա հանձնաժողովի անդամներին տեղեկացրեց ոլորտում իրականացվող վերջին փոփոխությունների մասին:

SHARE
Previous article
Next article