Գ. Պետրոսյանը երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ այցելեց նախարարության ենթակայության տակ գտնվող Գյումրու մանկատներ

0
115

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գ. Պետրոսյանը երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ այցելեց նախարարության ենթակայության տակ գտնվող Գյումրու “Ֆրիտյոֆ Նանսենի” անվան մանկատուն, “Մանկան տուն”, Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն, մասնակցեց Տիրամայր Հայաստանի կենտրոնի երիտասարդական զարգացման մարզահամալիրի և արվեստի դպրոցի բացման արարողությանը:
Այցն ուներ երկու հիմնական նպատակ. տոնի առթիվ շնորհավորել երեխաներին և տեղում ծանոթանալ նախարարության ենթակայության կառույցների խնդիրներին:
Բոլոր հաստատություններում նախարարը ջերմորեն շնորհավորեց երեխաներին, զրուցեց նրանց հետ, հետաքրքրվեց առօրյայի, նախասիրությունների մասին:
Դիմելով մանկատների աշխատակիցներին պարոն Պետրոսյանը նշեց,- “Դուք շնորհակալ գործ եք կատարում, և մեր նպատակն է հնարավորինս աջակցել Ձեզ առկա խնդիրներին լուծումներ տալու համար”:
Այցի վերջին վայրը Տիրամայր Հայաստան կրթահամալիրն էր: Ողջունելով կենտրոնի սաներին, աշխատակիցներին ու հյուրերին` պարոն Պետրոսյանը կարևորեց պետական կառույցների և հասարակական, բարեգործական կազմակերպությունների սերտ համագործակցությունը և պատրաստակամություն հայտնեց այսուհետ ևս միավորել ջանքերը` հանուն երեխաների բարօրության:
Նախարարի մարզային այցելությունները կլինեն շարունակական: