2019 թվականի հունվարի 1-ից ավելացել են ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափը

0
2549

2018թ. նոյեմբերի 29-ի ՀՀ կառավարության հերթական նիստում ընդունված որոշման համաձայն` 2019 թվականի հունվարի 1-ից ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը կազմում են 25 500 դրամ: Սա նշանակում է, որ ավելացել է ավելի քան 64 000 անձի տրամադրվող պետական նպաստների չափերը:

Հարկ է նշել, որ նախկինում ծերության նպաստի չափը կազմում էր 16 000 դրամ (շահառուների թիվը 01.01.2019թ. դրությամբ՝ 5693), 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձի և հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 21 500 դրամ, երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 19 000 դրամ,  երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 16 000 դրամ (հաշմանդամության նպաստ ստացող շահառուների թիվը 01.01.2019թ. դրությամբ` 46975), կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը՝ 16 000 դրամ (շահառուների թիվը 01.01.2019թ. դրությամբ` 11416): Երկու ծնողին կորցնելիս  կերակրողին կորցնելու դեպքում նպաստի սահմանված չափը մնացել է անփոփոխ` 80 000 դրամ։

Տեղեկացնում ենք, որ 25 500 դրամը 2019 թվականի համար պարենային (ծայրահեղ) աղքատության գծի կանխատեսվող ցուցանիշն է: Այսինքն, ձեռնարկված միջոցառումը նպատակ ունի ապահովել պարենային (ծայրահեղ) աղքատության գծին հավասար պետական աջակցության տրամադրումն այն անձանց, ովքեր ունեն ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստներ ստանալու իրավունք:

Այսպիսով, խնդիրը ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստներ ստացող անձանց շրջանում ծայրահեղ աղքատությունը բացառելն է: