0
123

ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել “Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին” ՀՀ օրենքում լրացում կատարելու նախագիծը և այն սահմանված կարգով կներկայացնի Ազգային Ժողով:

Օրինագծի ընդունումը բխում է “Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և հաշմանդամների, այլ պետությունների տարածքում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների և երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին” ԱՊՀ երկրների միջև 1994թ. ապրիլի 15-ին կնքված միջպետական համաձայնագրի դրույթներից, ըստ որի` Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ են համարվում նաև նախկին ԽՍՀՄ ներքին գործերի ու պետական անվտանգության մարմինների ղեկավար և շարքային կազմի այն անձինք, ովքեր հաշմանդամ են դարձել ծառայողական պարտականությունները կատարելիս` վիրավորվելու, կոնտուզիաների և ստացած վնասվածքների հետևանքով:

Բանն այն է, որ ՀՀ-ում Հայրենական մեծ պատերազմի վետերանների իրավական և սոցիալական պաշտպանության հարցերը կանոնակարգվում են “Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին” ՀՀ օրենքով: Ըստ որի, Հայրենական մեծ պատերազմի վետերան են համարվում ՀՀ այն քաղաքացիներն ու ՀՀ-ում մշտապես բնակվող այն անձինք, ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին, ինչպես նաև պատերազմի տարիներին Լենինգրադի շրջափակման մասնակիցները և ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները: ՀՀ նշված օրենքով չեն կարգավորվում ԱՊՀ միջպետական համաձայնագրերով Հայրենական մեծ պատերազմի մասնակից կամ հաշմանդամ համարվող այլ կատեգորիաների պատկանող անձանց սոցիալ-իրավական պաշտպանության հարցերը, սակայն հիմք ընդունելով միջպետական համաձայնագրերի դրույթները, նրանք մեր հանրապետությունում օգտվում են համաձայնագրերում ամրագրված արտոնություններից և սոցիալական երաշխիքներից: “Նշված կատեգորիաներին պատկանող անձինք չեն օգտվում միայն “Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին” ՀՀ օրենքով Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների համար սահմանված ամենամսյա պատվովճարից, որն, ի դեպ, ոչ մի համաձայնագրով նախատեսված չէ: Խնդիր կա վերը նշված անձանց կարգավիճակները հստակեցնելու, նրանց սոցիալական և իրավական պաշտպանության հարցերը մեկ իրավական ակտում ամրագրելու և ՀՀ գործող օրենսդրությունը ԱՊՀ համաձայնագրերին համապատասխանեցնելու”,-ՀՀ կառավարության նիստում ներկայացրեց նախարար Ա. Գրիգորյանը:

Միաժամանակ, հաշվի առնելով, որ նախկին ԽՍՀՄ ներքին գործերի և պետական անվտանգության մարմինների ղեկավար և շարքային կազմի անձանց թիվը, որոնք հաշմանդամ են դարձել ծառայողական պարտականություններ կատարելիս, հանրապետությունում փոքր է (ըստ ոստիկանության` 20 մարդ), նպատակահարմար է առաջնահերթ օրենսդրական փոփոխությունը կատարել այս կատեգորիայի մասով` հետագայում աստիճանաբար ընդգրկելով նաև միջպետական համաձայնագրերում ամրագրված մյուս կատեգորիաներին:

Գործող օրենսդրության համաձայն, Հայրենական մեծ պատերազմի վետերաններն օգտվում են.

  1. մասնակիցները 8000, իսկ հաշմնադամ վետերանները 18000-27000 դրամ` կախված հաշմանդամության խմբից, ամենամսյա դրամական օգնություն ստանալու իրավունքից` նախկինում ունեցած տրանսպորտային անվճար սպասարկման, էլեկտրաէներգիայի, գազի, ջերմամատակարարման, ջրամատակարարման և ջրահեռացման վարձավճարների 50 տոկոս զեղչի դիմաց,
  2. հաշմանդամ վետերանները` աղբահանության, հեռախոսի և ռադիոյի բաժանորդային վարձը 50 տոկոս զեղչով վճարելու,
  3. ԱՊՀ երկրների տարածքում տարին մեկ անգամ (կտրոնով, երկկողմանի կարգով) արտոնյալ պայմաններով երթևեկելու,
  4. պետպատվերի շրջանակում անվճար բուժօգնություն (այդ թվում` դեղորայք) պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ ստանալու,
  5. 25000 դրամ ամենամսյա պատվովճար ստանալու իրավունքից:

Բացի այդ, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ ՀՀ կառավարության որոշմամբ Հայրենական մեծ պատերազմի վեետրաններին տրվել է նաև քաղաքային տրանսպորտից անվճար երթևեկելու արտոնություն:

Այսպիսով, “Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին” ՀՀ օրենքում ներկայացված լրացումը կատարելու արդյունքում նախկին ԽՍՀՄ ՆԳ և պետական անվտանգության մարմինների շարքային և սպայական կազմի աշխատակիցների թվից նրանք, ովքեր հաշմանդամ են դարձել ծառայողական պարտականություններ կատարելիս, կհամարվեն հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ և կօգտվեն օրենսդրությամբ սահմանված նույն արտոնություններից, մասնավորապես` կունենան ամենամսյա պատվովճար ստանալու իրավունք (մյուս արտոնություններից այսօր էլ են օգտվում):

“Այս նախագծի ընդունմամբ խնդիրը լուծվում է մասնակիորեն կամ փուլային տարբերակով: Հարցի կարգավորման նպատակը մի փոքր խմբի սոցիալական վիճակի բարելավումն է”,-նշեց նախարար Ա. Գրիգորյանը:

Ի դեպ, այս նախագծի ընդունմամբ պետբյուջեում նախատեսվում է ծախսերի ավելացում տարեկան 6 մլն դրամի չափով (20 հոգի ամսական կստանան 25 000 դրամ պատվովճար, որը տարեկան հավասարվում է հենց 6 մլն-ի): Լրացուցիչ ծախսը կկատարվի սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացված ընդհանուր միջոցների սահմաններում:

SHARE
Previous article
Next article