0
98

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի Նորքի տուն-ինտերնատի տնօրինության նախաձեռնությամբ մարտի 3-ին Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մասնագետներն իրենց սարքավորումներով այցելեցին տարեցներին:

Ակնաբույժներն մանրամասնորեն զննեցին շուրջ 40 շահառուի: Կատարեցին ակնահատակի զննում, աչքի ճնշման չափում, ակնոցի կորեկցիա, գրառեցին նրանց գանգատները, նշանակեցին համապատասխան դեղամիջոցներ:

“Ելնելով նախնական հարցումներից` հաստատության բնակիչներին անհանգստացնում էին տեսողության հետ կապված խնդիրները, ուստի նպատակահարմար էր անցկացնել բուժզննություն: Այսօր նրանք կհետազոտվեն, որի արդյունքում կտրամադրվեն օպտիկական ակնոցներ, իսկ անհրաժեշտության դեպքում կկատարվի վիրահատություն: Կենտրոնի մասնագետների այցը բարեգործական է, և բոլոր աշխատանքները կկատարվեն անվճար: Նմանատիպ բուժզննություններ կանցկացվեն նաև մյուս տուն-ինտերնատներում”,- իր խոսքում նշեց նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ա. Կեսոյանը

“Այս տարիքում մարդու համար տեսողությունը կարևորագույն հոգեբանական խնդիր է: Իհարկե, ամբողջությամբ չենք կարող վերականգնել նրանց տեսողությունը, բայց հետամուտ կլինենք կանխարգելելու վատթարացումը, պահպանելու եղածը, իսկ հնարավորության դեպքում վերականգնելու: Կարծում եմ անհրաժեշտ օգնությունը շուտով կտա իր արդյունքները”- ընդգծեց կենտրոնի անոթային պաթոլոգիայի բժիշկ, օրդինատոր Լ. Գրիգորյանը:

Նմանատիպ բուժզննություններ կլինեն պարբերաբար, որոնք կնպաստեն տարեցների առողջության պահպանմանն ու վերականգմանը:

SHARE
Previous article
Next article