Բաց Աշխարհ` նաև Հայաստանի երեխաների համար

0
121

Հայաստանի շնորհալի երեխաները վերջերս մասնակցել են Ավստրիայում կազմակերպած միջազգային սոցիալ-բարեգործական ինտեգրացված մշակութային “Open World” փառատոնին, որի նպատակն էր ցույց տալ, որ արվեստը և մշակույթը, խաղը և ուրախությունը բոլոր երեխաներինն են` անկախ նրանց ազգությունից, ֆիզիկական կամ հոգեբանական առանձնահատկություններից և կենսագործունեության սահմանափակումներից:

Մեր երեխաների մասնակցությունը փառատոնին ապահովվել էր ՀՀ մշակույթի, արտաքին գործերի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների կողմից` Հայաստանի Հանրապետության Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանավորությամբ: Պատվիրակության ղեկավարն էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ջեմմա Բաղդասարյանը:

Հայաստանն այն եզակի երկրներից էր, որը փառատոնի պայմանների համաձայն ապահովել էր նաև  հաշմանդամություն ունեցող երեխաների մասնակցությունը:

Պատվիրակության կազմում ընդգրկված էին 9 շնորհալի երեխաներ, որոնցից 3-ը` հաշմանդամ: Մշակութային փառատոնի ընթացքում երեխաները հանդես եկան բազմաժանր ծրագրով` կրկես, մնջախաղ, ժողովրդական և էստրադային պար, ժողովրդական, դասական և էստրադային երգ անվանակարգերում:

Փառատոնի նպատակն էր` անկախ ազգային պատկանելիությունից, կրոնական դավանանքից, ինչպես նաև ֆիզիկական և հոգեկան առանձնահատկություններից, համատեղ ստեղծագործելու հնարավորություն տալ երեխաներին և պատանիներին:

Բացի հիմնական մշակութային ծրագրերից, փորձառու մանկավարժներն ու հոգեբանները փառատոնի մասնակիցներին ծանոթացրեցին նաև նկարչության (կերպարվեստ, բատիկա), ժողովրդական արհեստների, կինոարվեստի և թատերարվեստի գաղտնիքներին:

Արվեստի ճամբարում ստեղծված աշխատանքների հիման վրա կազմակերպվեց նաև նկարների ցուցահանդես, որին հայկական պատվիրակությունը ներկայացավ 10 աշխատանքով:

Փառատոնի շրջանակներում երեխաները մասնակցին համերգների Ավստրիայի տարբեր քաղաքներում: Հուզիչ էր Առաջին Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը Ավստրիայում Հայաստանի դեսպանատանը, ինչը շատ ոգևորեց մեր հայրենակիցներին:

Հայաստանի շնորհալի երեխաների պատվիրակությունն ունեցավ մեծ հաջողություն, արժանացավ հատուկ ուշադրության և գնահատանքի: