ԽՆԱՄՔԻ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՆԱԽԱՐԱՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

0
78

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գևորգ Պետրոսյանը պաշտոնավարման առաջին օրերից առանձնակի ուշադրություն է դարձնում նախարարության ենթակայությամբ գործող` երեխաների ու ծերերի պետական խնամքն իրականացնող հաստատությունների գործունեության նկատմամբ` այն համարելով նախարարության գործունեության գերակա ուղղություններից մեկը:

Նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովն արդեն ուսումնասիրություններ է անցկացրել “Երևանի թիվ 1” և “Նորքի” տուն-ինտերնատներում,  Գյումրու “Ֆ. Նանսենի անվան” մանկատանը, Գյումրու “Մանկան տանը”, Երևանի “Զատիկ”, “Մ. Իզմիրլյանի անվան” Խարբերդի մանկատներում, “Նորքի Մանկան տանը”:  Ուսումնասիրությունների ընթացքում արձանագրվել են սննդամթերքի պիտանիության ժամկետի և օգտագործման պայմանների պահպանման, շենքային պայմանների, երեխաների խնամքի հետ կապված թերացումներ և խախտումներ գրեթե բոլոր հաստատություններում: Պատասխանատուներից պահանջվել են բացատրություններ:

Նախարարի հրամանով Գյումրիի “Ֆ. Նանսենի անվան” մանկատան տնօրեն Ռուբեն Մարկոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Հունիսի 12-ին նախարարը, առանց նախազգուշացման, ստուգայց է իրականացրել  Երևանի “Զատիկ” և “Մարի Իզմիրլյանի անվան” մանկատներ, որտեղ նույնպես հայտնաբերվել են երեխաների խնամքի կազմակերպման հետ կապված տարատեսակ խախտումներ: Նախարարը զրուցել է երեխաների և մանկատան աշխատակիցների հետ, վերջիններիս տվել համապատասխան ցուցումներ: Տնօրենները նախազգուշացվել են թույլ տրված խախտումների առթիվ և ստացել դրանք հնարավորինս սեղմ ժամկետներում վերացնելու հանձնարարականներ:

Նախարար Գևորգ Պետրոսյանի հավաստիացմամբ այդօրինակ այցելությունները կրելու են մշտական ու պարբերական բնույթ և ընդգրկելու են նախարարության ենթակայությամբ գործող բոլոր հաստատությունները: