Նախարարությունը պատրաստ է աջակցել քաղաքացիների կարողությունների զարգացմանն ուղղված բոլոր ծրագրերին. Նախարար

0
1539

«Մեր քաղաքականության հիմնաքարային մոտեցումներից մեկն այն է, որ սոցիալական աջակցությունը և զբաղվածությունը չեն կարող լինել իրարից անջատ: Մեր ծրագրերն ուղղված են լինելու քաղաքացիների կարողությունների զարգացմանը, նրանց նպաստային համակարգից զբաղվածության դաշտ բերելու ջանքերին: Այս իմաստով մեզ համար չափազանց կարևոր են ձեր կողմից իրականացվող ծրագրերը, քանի որ դրանց հիմքում ևս նույն սկզբունքն է»,- այս մասին ՄԱԿ -ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացվող «Կովկասի և Կենտրոնական Ասիայի ընտրված երկրներում պարենային անվտանգությանը և սնուցմանն ուղղված կարողությունների հզորացում» ծրագրի համակարգողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Ծրագիրը, որն անվանում են նաև «Նպաստ +», ուղղված է խոցելի (նպաստառու) տնային տնտեսություների կենսապահովման պայմանների, արտադրական կարողությունների ու պարենային ապահովության բարելավմանը: «Նպաստ+» փորձնական ծրագրի իրականացման համար ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից ընտրվել են Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացված համայնքի Մարմաշեն, Մայիսյան, Հացիկ, Վահրամաբերդ, Քեթի, Հովունի, Շիրակ, Սարիար գյուղական համայնքները և Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքի Գյուլագարակ, Պուշկինո, Վարդաբլուր համայնքները: Շահառուների ընտրության հիմնական չափանիշները եղել են նպաստառու լինելու հանգամանքը և ընտանիքում առնվազն մեկ 0-5 տարեկան երեխայի առկայությունը:

Այսպիսով, կարիքների գնահատում է իրականացվել ըստ սահմանված չափորոշիչի ընտրված 176 տնային տնտեսություններում, որոնցից փորձնական ծրագրում ընդգկվել են միայն 133-ը:

Շահառուների համար ձևավորվել է աջակցության երկու փաթեթ, որոնցից մեկը ներառում է մեկ հղի երինջ և մեկ տարվա կեր կենդանու համար, իսկ երկրորդը՝ երեսուն հավ, մեկ տարվա կեր և ազնվամորենու 100 տնկի:

Ծրագրի համակարգող Զարուհի Բեգլարյանի հավաստմամբ՝ հիմնական նպատակը նպաստառուներին ակտիվ զբաղվածության դաշտ բերելն է, աշխատանքի խրախուսումը:

«Մենք հույս ունենք, որ ծրագրի ամփոփումից հետո իրականացված մշտադիտարկումը և դրա արդյունքները թույլ կտան մեզ ակնկալել, որ այն շարունակական է լինելու, քանի որ դա կազդի շահառուների սոցիալական ինտեգրմանը, աշխատաշուկայում նրանց ներգրավվածությանը, ինչպես նաև՝ արժեհամակարգային փոփոխությունների, ինչը պակաս կարևոր չէ», – ասել է նա:

Նշենք, որ ծրագրի համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. դեկտեմբերին և նախատեսված է եղել մինչ 2018թ. ավարտը, սակայն հետագայում այն, առանց լրացուցիչ միջոցներ ներգրավելու, երկարաձգվել է մինչև 2019թ. հուլիսի 31-ը: