«Այն ծրագիրը, որ Համաշխարհային բանկն իրականացնում է Հայաստանում սոցիալական պաշտպանության ոլորտում, շատ կարևոր է մեզ համար, քանի որ այն զգալի ներդրում է ծառայությունների հասանելիության, մատչելիության առումով: Շնորհակալ եմ այն աշխատանքի համար, որ մինչ այս իրականացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ», – այս մասին Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսուտրոյի ղեկավարած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել է նախարար Զարուհի Բաթոյանը:
Նա ընդգծել է, որ ՀԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող «Սոցիալական պաշտպանության վարչարարության» ծրագիրն այսօր առավել, քան արդիական է, քանի որ Կառավարությունը խոսում է ծրագրերի օպտիմալացման և ծառայությունների արդյունավետության մասին: Ըստ նախարարի՝ այս ծրագիրը կարող է առանցքային դեր ունենալ ծրագրված բարեփոխումները հնարավորինս արագ իրականացնելու գործում:
«Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ծրագրի վերսկսման պատրաստակամության համար, որն առավելապես ուղղված է զբաղվածության ոլորտին: Մեր կարծիքով, զբաղվածությունը պետք է դառնա սոցիալական աջակցության համակարգի տրամաբանական շարունակությունը: Սա նաև մեր առաջնահերթություններից մեկն է»,- ասել է նախարարը:
Սիլվի Բոսուտրոն նախարարին է ներկայացրել «Սոցիալական պաշտպանության վարչարարության» երկրորդ ծրագրի իրականացման ընթացքը: Քննարկվել են նաև մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնց լուծումը կնպաստի ծրագրի արդյունավետ իրականացմանը:
«Մենք՝ որպես գործընկերներ, շատ ուրախ ենք տեսնել ձեր կողմից համագործակցության և աջակցության այսօրինակ պատրաստակամություն: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով իրականացված ծրագրերը և դրանց արդյունքները կարող են լավ հիմք դառնալ հետագա համագործակցության համար: Շատ ոգևորիչ է»,- ասել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարը:
Սիլվի Բոսուտրոն նաև տեղեկացրել է, որ առաջիկա օրերին Համաշխարհային բանկի տնօրենների խորհրդին է ներկայացնելու Հայաստանի հետ առաջիկա 4 տարիների համագործակցության ծրագրի նախնական տարբերակը: