«Մենք նոր թափ պետք է հաղորդենք հատկապես ժողովրդագրությանն ուղղված մեր ծրագրերի, ռազմավարության մշակմանն ու վերանայմանը, որովհետև կա դրա կենսական պահանջը, ինչը ներկայացված է նաև Կառավարության ծրագրում: Այս իմաստով ձեր արած աշխատանքը շատ մեծ և կարևոր է Հայաստանի համար», – այս մասին ՄԱԿ-ի Բնակչության հիմադրամի Հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
ՄԱԿ-ի Բնակչության հիմադրամի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցությունը սկսվել է 2005 թ. և ունի երկու հիմնական ուղղություն՝ Ժողովրդագրական իրավիճակի բարելավում և ընտանեկան բռնության կանխարգելում և գենդերային հավասարության խթանում:
Նախարարը տեղեկացրել է, որ ժողովրդագրական հիմնահարցերը նախարարության գործունեության առաջնահերթություններից են, և դրանց լուծման համար պետությունը պատրաստ է դիտարկել գործընկերների աջակցությունը և նրանց կուտակած փորձը։
«Մենք հստակ հասկանում ենք, որ, երբ հատվածական, փոքր ծրագրեր ենք իրականացնում, դա չի կարող բերել զգալի, մեծ արդյունքներ: Մենք պետք է գնանք խորքային փոփոխությունների՝ համապարփակ լուծումներ արձանագրելու համար», – ասել է նախարարը:
Ծովինար Հարությունյանը նշել է, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղությամբ աշխատում է բազմաթիվ գործընկերների հետ։
«Քանի որ այս խնդիրը չափազանց բազմաշերտ և բազմաոլորտ է, ինչպես նաև՝ առավել, քան հրատապ, մենք համագործակցում ենք հնարավոր բոլոր գործընկերների հետ, որովհետև, եթե ուզում ենք արդյունք տեսնել, բոլորն անելիք ունեն»,- ասել է տիկին Հարությունյանը:
ՄԱԿ-ի Բնակչության հիմադրամի Հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչը նաև նշել է, որ պատրաստ են աջակցել ՀՀ կառավարությանը ոչ միայն Հայաստանում կուտակած իրենց փորձով, ունեցած կարողություններով և ռեսուրսներով, այլև տարածաշրջանային և գլոբալ գրասենյակի:
Նախարար Բաթոյանը տեղեկացրել է, որ առաջիկա 10 օրերի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստվում է Կառավարությանը ներկայացնել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման հայեցակարգի նախնական տարբերակ, որը պետք է քննարկվի շահագրգիռ մյուս գերատեսչությունների հետ: Ըստ նախարարի՝ սա փաստում է այն մասին, որ ժողովրդագրական վիճակը ոչ միայն նախարարության մտահոգությունների առարկան է, այլև՝ ամբողջ Կառավարության:
Նշենք, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը Հայաստանում գործում է արդեն 20 տարի: