«Մենք շատ ուրախ ենք տեսնել ձեզ նախարարի պաշտոնում, քանի որ այս ոլորտում աշխատանքը պահանջում է ոչ միայն պրոֆեսիոնալիզմ, այլև՝ հիմնավոր տեսլական և կիրք: Սոցիալական հարցերի նախարարը չի կարող լինել ուղղակի բյուրոկրատ: Նա պետք է աշխատանքին մոտենա մեծագույն պատասխանատվությամբ և մտահոգ լինի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված յուրաքանչյուր մարդու համար, ինչպես նաև՝ ամբողջ համակարգի», – այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինը:
Նախարար Բաթոյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի ներկայացուցիչներին տարիներ ի վեր Հայաստանին ցուցաբերված աջակցության համար, և տեղեկացրել, որ նախարարությունը ռազմավարական, կառուցվածքային և բովանդակային փոփոխությունների շեմին է, և այս գործընթացներում ևս ՄԱԿ-ի գործընկերների աջակցությունը կարևոր կլինի.
«ՄԱԿ-ի կառույցների հետ մեր համագործակցությունը մշտապես եղել է կառուցողական և աջակցող: Մենք շատ ուրախ ենք, որ ձևավորվել է գործընկերային հարաբերությունների այնպիսի մակարդակ, որ կարողանում ենք խնդիրները քննարկել անգամ համատեղ իրականացվող ծրագրերի նախագծային փուլում: Այսօր մենք լուրջ փոփոխությունների ենք գնում, քանի որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքականությունը պետք է ուղղված լինի ոչ միայն խոցելի խավերի սոցիալական պաշտպանությանը, այլև՝ իրավունքների ապահովման և հավասար հնարավորությունների ստեղծմանը»։
Դմիտրի Մարիասինի կարծիքով՝ զգալի փոփոխությունների հասնելու համար համակարգային փոփոխություններն անխուսափելի են: Շատ կարևոր է նաև միջգերատեսչական սերտ համագործակցությունը.
«Մենք կիսում ենք ձեր այն մոտեցումը, որ բոլոր փոփոխությունների կենտրոնում պետք է լինի մարդը և նրա իրավունքները: Սա ոչ միայն համակարգային փոփոխության մասին է, այլև մտածելակերպի: Այս իմաստով ձեր ճանապարհը շատ բարդ է լինելու: Շատերը ձեզ կասեն, որ ձեր պատկերացրած փոփոխությունների իրականացման համար հավելյալ ծախսեր են պետք, բայց, իրականում, դրանք ծախսեր չեն, այլ՝ ներդրում երկրի ապագայի համար, քանի որ առանց կայուն սոցիալական ոլորտի՝ որևէ տնտեսական հեղափոխություն անհնար է լինելու», – ասել է նա: