2009թ. հունիսի 19-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գ. Պետրոսյանն իր հերթական այցելությունը կատարեց Երևանի “Մանկան տուն”

0
96

2009թ. հունիսի 19-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գ. Պետրոսյանն իր հերթական այցելությունը կատարեց Երևանի “Մանկան տուն”: Այցի նպատակն էր մանրամասնորեն ծանոթանալ մանկատան պայմաններին, կատարված աշխատանքներին ու առկա խնդիրներին:

Նախարարը շրջեց մասնաշենքերում, ծանոթացավ մանկատան առօրյային,   երեխաների խնամքի, սանիտարահիգիենիկ պայմաններին, սննդի պատրաստման ընթացքին, բուժօգնության տրամադրման ձևերին: Այցի մասնակիցներն անկաշկանդ և ուրախ մթնոլորտում ունկնդրեցին երեխաների հանպատրաստից ելույթները:

Տնօրինության և աշխատակիցների պատասխանատվության, աշխատասիրության ու մարդկային ջերմության շնորհիվ մանկատանը ստեղծվել է այնպիսի միջավայր, որտեղ  յուրաքանչյուր երեխա ստանում է  խնամք ու ջերմ հոգածություն:

“Այցի նպատակն է` գնահատել կատարված դրական աշխատանքը և խրախուսել արժանիներին,  ցույց տալ, որ մեր խնդիրը միայն թերությունները բացահայտելն ու թերացողներին պատժելը չէ: Ուրախ եմ, որ ունենք նման հաստատություններ”,- նշեց պարոն Պետրոսյանը:

Այցի վերջում նախարարը  մանկատան ծառայությունների որակը գնահատեց գերազանց և տնօրեն Լիանա Կարապետյանին աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար պարգևատրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մեդալով: