Ծաղկաձորում տեղի ունեցավ ՀՀ տարածքային կառավարման նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ԵԱՀԿ Հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված “Լրագրողների ճանաչողական վերապատրաստում

0
119

2009թ. հունիսի 12-14-ը, Ծաղկաձորում տեղի ունեցավ ՀՀ տարածքային կառավարման նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ԵԱՀԿ Հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված “Լրագրողների ճանաչողական վերապատրաստում. Թրաֆիքինգի լուսաբանման հմտություններ” թեմայով եռօրյա դասընթացը, որին մասնակցում էին ՀՀ արդարադատության, արտաքին գործերի, տարածքային կառավարման, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, միջազգային կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Դասընթացի նպատակն էր մասնակիցներին, մասնավորապես լրագրողներին ներկայացնել թրաֆիքինգ երևույթն ու հասկացությունն իր տեսակներով, նրա ազդեցությունը հասարակական կյանքում, թե ինչ միջոցառումներ է պետք իրականացնել այն կանխելու համար և որն է այդ գործընթացում լրագրողի դերը:

Հրավիրված բանախոսները ներկայացրեցին հետևյալ թեմաները. “Մարդկանց թրաֆիքինգ. Միջազգային կոնվենցիաները և դրանց կիրարկումը Հայաստանում”, “Ոստիկանության դերը Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարում. Ոստիկանություն-լրատվամիջոցներ համագործակցությունը”, “Ինչ դժվարությունների կարող է հանդիպել լրագրողը թրաֆիքինգի խնդիրները լուսաբանելիս”, “Հասարակական կազմակերպությունների աշխատանքը թրաֆիքինգի զոհերի հետ և այդ հարցերի շուրջ լրատվամիջոցների լուսաբանումը”, “Սոցիալական գովազդը որպես թրաֆիքինգի լուսաբանման և կանխարգելման միջոց”:

Թեմաներից մեկը` “Զոհերի կերպավորում. Զոհերի սոցիալական և հոգեբանական խնդիրները. Զոհերի աջակցությունը հասարակական կազմակերպություններ-պետական կառույցներ համագործակցության համատեքստում” ներկայացրեց շուրջ մեկ ամիս առաջ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում բացված թրաֆիքինգի դեմ պայքարի աջակցության և ռեսուրս կենտրոնի սոցիալական աշխատող-խորհրդական Էլեոնորա Վիրապյանը: Համառոտ ներկայացվեց պետության և ՀԿ-ների մասնակցությունը թրաֆիքինգի զոհերի աջակցության հարցում և արձանագրված բացերն ու թերությունները նշված գործընթացում:

Ըստ բանախոսների` թրաֆիքինգ երևույթը շատ քիչ է ուսումնասիրված ու լուսաբանված մեր երկրում: Այն դաժան ու անկանխատեսելի է և կապված է մարդկային ճակատագրի խեղաթյուրումների հետ: Հասարակության մեջ անհրաժեշտ է սերմանել հանդուրժողականություն դժվար իրավիճակում հայտնված մարդկանց հանդեպ: Մասնագիտացված լրագրողը այս դեպքում կարող է լինել պետության գործընկերը և համատեղ ուժերով պայքարել այդ երևույթի դեմ, մի դեպքում` լուսաբանելով, այլ դեպքում` մասնակցելով անհրաժեշտ քաղաքականության մշակման գործընթացին:

Աշխատանքային գործընթացը հագեցած էր անհրաժեշտ տեղեկատվության փոխանցմամբ, բուռն քննարկումներով, բազմաթիվ հարցերի պարզաբանումներով: