2009թ. հունիսի 23-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գ. Պետրոսյանն ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) առաքելության ղեկավար տ. Զ.Չիմային: Բարձր պաշտոններում նշանակվելու առիթով փոխադարձ շնորհավորանքներից հետո նախարարը գոհունակություն հայտնեց 2002թ. մինչ օրս իրականացված համատեղ ծրագրերի վերաբերյալ:
Պարոն Պետրոսյանը նշեց, որ բոլոր ծրագրերը` սոցիալական ոլորտի կառավարման հզորացում, տեխնիկական աջակցություն, կադրերի վերապատրաստում, սոցիալական ծառայությունների շենքային պայմանների բարելավում և այլն, եղել են արդյունավետ:
2009թ. սեպտեմբերից ԱՄՆ ՄԶԳ-ն սկսում է նոր` “Կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումների” ծրագիր: Նախարարը հավաստիացրեց հյուրին, որ իրականացնող կազմակերպության ընտրությունից հետո սեղմ ժամկետներում կմշակվի առաջիկա երեք տարիների համատեղ գործողությունների պլան:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ԱՄՆ ՄԶԳ-ն իրականացնում է նաև բարեգործական ծրագրեր, նախարարը տեղեկացրեց հյուրին, որ համակարգի խնամքի հաստատություններում ընթացքի մեջ է կարիքների գնահատման գործընթացը, որից հետո դոնոր հանրությանը, այդ թվում` ԱՄՆ ՄԶԳ-ին, կներկայացվեն առաջնահերթ ծրագրերը` ակնկալելով աջակցություն:
Կողմերը վստահություն հայտնեցին, որ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում արձանագրված հաջողությունները կլինեն շարունակական: