Շարունակվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գ. Պետրոսյանի հանկարծակի այցերը պետական խնամքի հաստատություններ: Հունիսի 22-ին նախարարը կատարեց իր հերթական այցելությունը Խարբերդի մասնագիտացված մանկատուն և Նորքի տուն- ինտերնատ:
Շրջելով մանկատանը, նախարարը մանրամասնորեն ծանոթացավ երեխաների խնամքի և հիգիենայի պայմաններին, սննդակարգին: Պարոն Պետրոսյանը նշեց, որ իր հրամանով ստեղծված հանձնաժողովն արդեն ուսումնասիրություններ է կատարել մանկատանը, արձանագրել որոշ թերություններ, իր շրջայցի ժամանակ ևս բացահայտվեցին որոշակի բացթողումներ, սակայն հաշվի առնելով խնամքի յուրահատկությունները, այն ծանր աշխատանքը, որ կատարում է կոլեկտիվը, կարելի է արձանագրել, որ թերություններն էական չեն: Նախարարը կոնկրետ ցուցումներ տվեց մանկատան տնօրենին և խոստացավ որոշ ժամանակ անց նորից այցելել մանկատուն:
Այցելության հաջորդ վայրը Նորքի տուն-ինտերնատն էր: Տեղի ունեցավ ջերմ, անբռնազբոս զրույց բնակիչների հետ: Տարեցները շնորհակալություն հայտնեցին իրենց կյանքի պայմանների, անձնակազմի հոգատարության համար: Նախարարն իր գոհունակությունը հայտնեց կատարված աշխատանքից, նշելով, որ ունի մեկ ցանկություն. յուրաքանչյուր այցի ժամանակ տեսնել, որ բնակիչները լավ են ապրում:
Նախարարի հանձնարարությամբ ներկայումս իրականացվում է խնամքի հաստատությունների կարիքների գնահատում, որի արդյունքում վեր են հանվելու այն խնդիրները, որոնք հնարավոր չէ կարգավորել պետական բյուջեի միջոցներով: Ըստ առաջնահերթության դրանք լուծվելու են անհատ դոնորների կամ կազմակերպությունների միջոցով: