ՀՀ կառավարությունը 2009 թվականի հուլիսի 2-ի նիստում որոշում

0
104

ՀՀ կառավարությունը 2009 թվականի հուլիսի 2-ի նիստում որոշում է ընդունել “Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական քաղաքականության ռազմավարությունը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին”, որի նպատակն է` հնարավորինս մեղմել ժողովրդագրական երևույթների բացասական զարգացումները` նախադրյալներ ստեղծելով կայուն, դրական զարգացման համար:
Վերոնշյալ որոշմամբ սահմանված են Հայաստանի Հանրապետությունում ժողովրդագրական պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, ժողովրդագրական գործընթացների վրա պետության ներգործության այն մեխանիզմները, որոնց միջոցով հնարավոր կլինի հաստատել երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ներկա և ապագա փուլերի պահանջներին համապատասխանող բնակչության վերարտադրության համակարգ:
Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական քաղաքականության ռազմավարությամբ և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ցանկով նախատեսված է ծնունդների խրախուսմանը, կյանքի սպասվող տևողության մեծացմանը, արտագաղթի ծավալների նվազեցմանն ու ներգաղթի խթանմանը, բնակչության ծերացման հետևանքների հաղթահարմանը, բնակչության առողջության և հատկապես վերարտադրողական առողջության բարելավմանը, ընդհանուր կրթության, բնակչության գիտելիքների, սեռական և վերարտադրողական մշակույթի մակարդակի բարձրացմանը, սոցիալական բոլոր խմբերի համար առողջ վերարտադրողական կյանքի հավասար հնարավորությունների ապահովմանը, բնակչության տարածքային բաշխվածության անհամամասնության սահմանափակմանն ուղղված սոցիալական բազմաբնույթ միջոցառումների իրականացում: