Հանդիպում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

0
85

2009թ. հուլիսի 7-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գ. Պետրոսյանն ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Կենտրոնական, Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ պետությունների տարածաշրջանային տնօրեն Ս. Ալենին և հայաստանյան գրասենյակի ղեկավար տիկին Լ. Մոշիրիին:
Նախարարը գոհունակություն հայտնեց երկարամյա, արդյունավետ համագործակցության առիթով: “Ես հանգամանորեն ուսումնասիրել եմ հիմնադրամի գործունեությունը մեր երկրում, գնահատում եմ այն համատեղ աշխատանքը, որ կատարվել է անցած տարիներին: Երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվել են լուրջ իրավական և վարչական բարեփոխումներ, ինստիտուցիոնալ և մարդկային կարողությունների հզորացում, ներդրվել են երեխաների իրավունքների պաշտպանության մեխանիզմներ:”,- նշեց նախարարը:
Պարոն Ալենը նշեց, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով աղքատությունը խորանում է, հատկացվող միջոցները` կրճատվում, սակայն հիմնադրամը պատրաստակամ է աջակցել Հայաստանին առաջիկա տարիներին ևս: Խնդիրն այն է, թե ինչպես օգտագործել սուղ միջոցները` նկատելի արդյունքի հասնելու համար:
Նախարարը տեղեկացրեց հյուրերին, որ ներկայումս ընթացքի մեջ է երեխաների խնամքի հաստատությունների կարիքների գնահատման գործընթացը, որից հետո դոնոր հանրության, այդ թվում` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ կքննարկվեն հնարավոր աջակցության ձևերը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև սոցիալական աշխատողների մասնագիտական վերապատրաստման, ազգային և տեղական մակարդակներում երեխաների իրավունքների պաշտպանության մարմինների, երեխաների թրաֆիքինգի դեմ պայքարի, “2004-15թթ. Երեխայի իրավունքների պաշտպանության գործողությունների ծրագրում” նախատեսվող փոփոխությունների հարցերը:
Կողմերը վստահություն հայտնեցին, որ տարիների պատմություն ունեցող համագործակցությունն այսուհետ ևս կլինի շարունակական և արդյունավետ: