ԱՄՆ ՄԶԳ-ն կաջակցի կենսաթոշակային բարեփոխումների հանրային իրազեկմանը և բռնության զոհ դարձած կանանց մատուցվող ծառայությունների բարելավմանը

0
100

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆֆերնը և  ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջաթինդեր Չիման ստորագրեցին երկու համաձայանգիր, որոնց շրջանակում գործակալությունն աջակցություն կտրամադրի նախարարության <<Կենսաթոշակային իրազեկումն ու ֆինանսական կրթությունը Հայաստանում>> և <<Ընտանեկան բռնության զոհ դարձած  կանանց մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը Հայաստանում>> ծրագրերի մի շարք բաղադրիչների իրականացման համար:
“Կենսաթոշակային բարեփոխումների հաջողության հիմնական գրավականներից մեկն այն է, որ շահառուները` ներկայիս և ապագա կենսաթոշակառուները, խորությամբ ծանոթանան համակարգին, կենսաթոշակի կուտակման և ստացման տարբերակներին, զարգացնեն կենսաթոշակային հաշիվները կառավարելու իրենց ունակությունները: Գրագետ որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ են բազային և կիրառական գիտելիքներ ֆինանսների մասին ընդհանրապես և կենսաթոշակային համակարգի մասին` մասնավորապես”,-նշեց պարոն Գրիգորյանը:
Վերոնշյալ աշխատանքներն իրականացնելու նպատակով հիմնադրվել է <<Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն>> հիմնադրամը (ԿՀԻԿՀ), որի  առջև խնդիր է դրվել իրականացնելու կենսաթոշակային բարեփոխումների իրազեկման և ֆինանսական գրագիտության բաղադրիչը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, Էկոնոմիկայի, Ֆինանսների, արդարադատության նախարարությունների, Կենտրոնական բանկի, ՀՀ Կառավարության աշխատակազմի և Պետական եկամուտների կոմիտեի հետ համագործակցությամբ:
Սույն Ծրագիրը նպատակ ունի աջակցելու ԱՍՀՆ-ին ԿՀԻԿ հիմնադրամի կարողությունների հզորացման միջոցով 2012թ. ընթացքում իրականացնելու հանրային իրազեկման արշավներ և ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված արդյունավետ միջոցառումներ:
2.ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի Կառավարությանն ընտանեկան բռնության ենթարկված կանանց մատուցվելիք ծառայությունների ընդլայնման ուղղությամբ: Համատեղ իրականցվելիք  Ծրագիրը կնպաստի բռնության ենթարկված անձանց տրամադրվող ծառայությունների բարելավմանն ու հզորացմանը և գենդերային բռնության ենթարկված անձանց պաշտպանությանն ու նրանց տրամադրվող ծառայությունների առավել արդյունավետ կազմակերպմանը:
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը կարևորեց համաձայնագրերի ստորագրումը: “Սա երկրորդ դեպքն է, երբ գործակալությունն ուղղակի աջակցություն է տրամադրում նախարարությանը: Դրամաշնորհները կօգնեն  հասարակությանը` խորությամբ ըմբռնելու  կենսաթոշակային բարեփոխումների էությունը, իսկ երկրորդ ծրագրի իրականացումը  հիմնաքար կլինի ՀՀ կառավարության և իրավապահ մարմինների համար` պարզելու բռնության ենթարկված  կանանց աջակցելուն ուղղված հետագա քայլերը”,- նշեց պարոն  Հեֆֆերնը: