Երեխաների պաշտպանությանն ուղղված ծրագրի ստորագրում

0
97

Ապրիլի 17-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը ստորագրեցին Երեխաների պաշտպանությանն ուղղված գործողությունների 2012-2013թթ. երկամյա ծրագիրը:

Այն կառավարական գործընկերների, դոնորների և քաղաքացիական հասարակության հետ համագործակցությամբ կաջակցի երեխաների պաշտպանության համակարգի ամրապնդմանը` նոր քաղաքականությունների, օրենսդրության մշակման, ինչպես նաև ծառայությունների մատուցման միջոցով: Երեխաների պաշտպանության համակարգի բարեփոխմանը կհաջորդի համապարփակ իրավական և քաղաքական շրջանակի մշակումը, որը կներառի հաստատությունների բեռնաթափումը, երեխաների իրավունքների պաշտպանության գործողությունների ազգային պլանի մշակումը, ընտանեկան բռնությունը, անչափահասների արդարադատությունը, երեխաների հանդեպ բռնությունը և հաշմանդամությունը:

«Ծրագիրը վերջին տարիներին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ իրականացվող աշխատանքների շարունակությունն է: Հստակ պետկերացնում ենք մեր քայլերը և կանենք ամեն ինչ` իրականցնելու աշխատանքային ծրագրի բոլոր կետերը: Ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված ՀՀ կառավարության քայլերը վկայում են, որ այս խնդիրը գերակայություն է` հատկապես նկատի ունենալով, որ բռնության առաջին զոհը երեխան է: Ինչ վերաբերում է մանկական հաստատությունների բեռնաթափմանը, դեռևս վաղ է ասել, որ մեծ հաջողություններ ենք արձանագրել, սակայն Ձեր աջակցությամբ դրան ևս կհասնենք»,- նշեց պարոն Գրիգորյանը:

Ծրագիրը կամրապնդի համապետական և մարզային գերատեսչությունների կարողությունները` խոցելիության բացահայտման նպատակով աջակցություն ցուցաբերելու և առավել հասցեագրված բյուջետային հատկացումներ տրամադրելու հարցում` երեխաների իրավունքների ոտնահարման դեպքերին արձագանքելու և բոլոր երեխաների համար հավասար հասանելիություն ապահովելու նպատակով:

Սոցիալական ծառայություն մատուցողների դերը համապետական, մարզային և համայնքային մակարդակներում կշարունակի հստակեցվել և ամրապնդվել` կենտրոնանալով ծառայություն մատուցողների և այլ համայնքային ռեսուրսների միջև համագործակցության վրա, որոնք գործընկերության սկզբունքով կգործեն պաշտպանիչ միջավայր ստեղծելու համար:

Կողմերը քննարկեցին նաև ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման հետ կապված մի շարք խնդիրներ: