Հանդիպում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

0
90

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գևորգ Պետրոսյանն ընդունեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալին:
Տիկին Վիդալը շնորհավորեց նախարարին` պատասխանատու պաշտոնի նշանակվելու կապակցությամբ, նշելով, որ ճգնաժամի պայմաններում ավելի է մեծանում սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարման արդյունավետության դերը` որպես ճգնաժամի ազդեցությունը մեղմելու միջոց:
Նախարարը շնորհակալություն հայտնեց հյուրին` ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի տարբեր գործակալությունների հետ տարիներ շարունակ ընթացող, կայացած համագործակցության համար և ներկայացրեց այն խնդիրները, որոնց լուծման գործում նախարարությունն ակնկալում է դոնոր հանրության աջակցությունը:
Որպես կարճաժամկետ զբաղվածություն ապահովող միջոց նախարարությունը կարևորում է վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպումը բոլոր մարզերում: Իրավիճակը ճիշտ պատկերացնելու, աշխատանքներն արդյունավետ կատարելու համար անհրաժեշտ է իրականացնել հետազոտություն, որը հնարավորություն կտա գտնել նոր աղքատներին, ձևավորել մոնիթորինգի հստակ համակարգ` այդ գործընթացում ներգրավելով հասարակական կազմակերպություններ:
Այս հարցերում ՄԱԿ-ն օժանդակում է նախարարությանը. արդեն մշակվել է հետազոտության մեթոդոլոգիան և հարցաշարը, դաշտային աշխատանքները կսկսվեն հաջորդ շաբաթ և կտևեն երկու ամիս, իսկ հոկտեմբերին նախարարության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը կներկայացնի վերջնական զեկույցը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին բազմաբնույթ հարցեր, վերահաստատվեց համագործակցությունը շարունակելու և մարտահրավերներին միասին դիմակայելու` կողմերի պատրաստակամությունը: