Հայ-շվեդական համագործակցությունը խորանալու հեռանկարներ ունի

0
245

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կառավարության կողմից իրականացվող աշխատանքների շրջանակում նախատեսում է մի շարք ոլորտներում նոր ռազմավարությունների մշակում, նոր ծրագրերի իրականացում, և այս փուլում հատկապես շատ կարևոր է հանդիպումը ձեզ հետ։ Մասնավորապես, մեզ համար շատ կարևոր են մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումները՝ երեխաների, հաշմանդամություն ունեցող անձնանց, կանանց, տարեցներին վերաբերող քաղաքականության մշակման և իրականացման գործում»,- այս մասին ասել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման նախարար Փիթեր Էրիքսոնի հետ հանդիպման ընթացքում։

Ողջունելով հյուրերին՝ նախարարը նշել է, որ հայ-շվեդական առաջիկա համագործակցության համար խորհրդանշական է, որ հանդիպումը կայանում է Թումո կենտրոնում, որտեղ նորարարական, ստեղծարար շունչ կա։

«Մենք բաց ենք համագործակցության համար և ունենք հստակ ծրագրեր, ռազմավարություններ, որոնք պլանավորում ենք մշակել, այդ թվում նաև նախարարության կառուցվածքային փոփոխություններ՝ ի նպաստ այդ ռազմավարությունների իրականացման»,- հավելել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով տարիներ առաջ նախարարության հետ ունեցած համագործակցության համար՝ մասնավորապես անդրադառնալով այն  ներդրմանը, որն ունեցել է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալությունը (SIDA) հայաստանյան աշխատաշուկայի ոլորտում իրականացված բարեփոխումների գործում։

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանն էլ հավելել է, որ շվեդալիտվական կոնսուրցիումի և Զբաղվածության պետական գործակալության միջև տարիներ շարունակ արդյունավետ համագործակցություն է եղել, և ներկայում աշխատաշուկայում եղած ակտիվ 12-13 ծրագրերի հիմքում հենց այն գաղափարներն են դրված, որոնք այդ համագործակցության և աջակցության ծրագրի շրջանակում են ստեղծվել.

«Շվեդիան աշխարհում հայտնի է իր բարեկեցության ուժեղ մոդելով, և այս առումով նույնպես հնարավոր ապագա համագործակցությունն ի շահ երկու երկրների կլինի»,- ասել է փոխնախարարը։

Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման հարցերի նախարարը ողջունել է մեր երկրում կատարվող փոփոխությունները, մասնավորապես ժողովրդավարության ամրապնդման, քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ: Նա նշել է, որ Շվեդիան, որպես 10 տարի առաջ «Արևելյան գործընկերության» ծրագիրը նախաձեռնած երկրներից մեկը, պատրաստ է խորացնել կապերը Հայաստանի հետ տարբեր բնագավառներում, այդ թվում՝ գենդերային հավասարության, մարդկանց իրավունքների պաշտպանության և այլ հարցերում:

Հանդիպման ընթացքում նախարար Զարուհի Բաթոյանը խոսել է նաև այն խնդիրների մասին, որոնք առկա են ոլորտում և որոնց ուղղությամբ արդեն իսկ ծրագրեր են մշակվում և իրականացվում։ Շվեդական պատվիրակության անդամները ողջունել են այն փաստը, որ Հայաստանում կանանց մասնակցությունը քաղաքականության և որոշումների կայացման գործընթացներում դրական տեղաշարժ է արձանագրել, և հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաները կարևորում են կանանց մասնակցայնության հարցը։ Նրանք նաև ուրախությամբ լսել են այն ծրագրերի մասին, որոնք իրականացնում է նախարարությունը կանանց զբաղվածության ապահովման, աշխատող մայրերին երեխայի խնամքի համար աջակցության և այլ հարցերում։