ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Save the children կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Աստղիկ Մովսիսյանի և երեխայի պաշտպանության փորձագետ Գրիգորի Գրիգորյանցի հետ։ Նախարարը, կարևորելով նրանց աշխատանքը երեխաների պաշտպանության ոլորտում, նշել է, որ փորձառու, ակտիվ հասարարակական կազմակերպությունների աջակցությամբ պետական կառավարման ոլորտն առավել հեշտ է ծրագրեր իրականացնում։ Կողմերը էական են համարել երեխաների իրավունքների պաշտպանության համակարգում իրականացվող բարեփոխումները, նաև ծրագրերի ճիշտ գործարկումը։
Հանդիպման ընթացքում Ա. Մովսիսյանը ներկայացրել է Unicef-ի և Save the children-ի ջանքերով Հայաստանում իրականացված «Սոցիալական աշխատանքի բարելավման և հաշմանդամություն ունեցող երեխաների համար ծառայությունների որակի բարձրացում» ծրագիրը։ Ի դեպ, այն իրագործվել է «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն Հայաստանում» նախագծի շրջանակներում՝ նպատակ ունենալով ամրապնդել մարդու իրավունքների պաշտպանությունը՝ օրենսդրական կարգավորումների, մշտադիտարկման մեխանիզմների, հանրային իրազեկման, ներառական քաղաքականության մշակմամբ և կիրառմամբ։