ՀՀ կառավարությունում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և Բուլղարիայի հանրապետության աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարներ Ա. Գրիգորյանի և Տ. Մլադենովի կողմից <<Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բուլղարիայի Հանրապետության Կառավարության միջև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության մասին>> համաձայնագրի կնքմանը հաջորդեց հանդիպում նախարարությունում, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Ա. Պետրոսյանը, Ֆ. Բերիկյանը, Ջ.Բաղդասարյանը և Ա. Ասատրյանը:
Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև ներկայումս օրենսդրորեն կարգավորված համագործակցություն չի իրականացվում:
Հաշվի առնելով այդ բացը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Բուլղարիայի Հանրապետության համապատասխան գերատեսչության հետ` բուլղարական կողմի նախաձեռնությամբ մշակել են միջպետական և միջկառավարական երկու համաձայնագրերի նախագծեր, որոնցից առաջինը ստորագրվեց այսօր:
Ողջունելով հյուրերին, պարոն Գրիգորյանը նշեց,-“Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում մենք ներկայումս իրականացնում ենք լայնամասշտաբ բարեփոխումներ: Ձեր փորձը կօգնի մեզ դրանք կարճ ժամանակում և արդյունավետ կյանքի կոչել: Համաձայնագիրը կնպաստի մեր պետությունների միջև համագործակցության զարգացմանը` աշխատանքի և զբաղվածության, կենսաթոշակային ապահովության, սոցիալական աջակցության, ընտանիքի, երեխաների, հաշմանդամների, սոցիալական երկխոսության, ինչպես նաև ոլորտի այլ ուղղություններով: Մեր մասնագետները վեր կհանեն յուրաքանչյուր ոլորտի կարևոր հարցերը, որից հետո ավելի առարկայական կդարձնենք մեր անելիքները”:
Համաձայնագրի արդյունավետ իրականացման նպատակով որոշվեց մշակել գործողությունների երկամյա ծրագիր:
Պարոն Մլադենովը ներկայացրեց իր ղեկավարած ոլորտի գերակայությունները, պատասխանեց հայկական կողմին հետաքրքրող հարցերին: Նա ներկայացրեց նոր համաձայնագրի նախագիծ` ուղղված երկու երկրների քաղաքացիների սոցիալական պաշտպանության ապահովմանը, որին ծանոթանալուց հետո կապահովվեն ներպետական համապատասխան գործընթացները:
Ինչ վերաբերում է մյուս` <<Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև աշխատանքային միգրացիայի կանոնակարգման մասին>> համաձայնագրի նախագծին, այն այժմ ներպետական համաձայնեցման գործընթաց է անցնում Բուլղարիայի Հանրապետությունում: