Երեխաների պաշտպանության միջազգային օր

0
98

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը  հունիսի 1-ին այցելեց Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն: Նախարարը շրջեց հաստատությունում, ծանոթացավ երեխաների կենցաղային պայմաններին, առօրյային, զրուցեց երեխաների, մանկատան աշխատակիցների հետ, մասնակցեց տոնական միջոցառմանը:

“Մեր երկրում յուրաքանչյուր երեխա պետք է շրջապատված լինի քնքշանքով, գուրգուրանքով, ջերմությամբ` անկախ տանը կամ պետական խնամքի հաստատությունում գտնվելու փաստից: Դուք եք մեր երկրի ապագան: Ցանկանում եմ ձեզ անամպ երկինք, երջանկություն, երազանքների իրականացում”,-նշեց նախարարը:

Մանկատան սաները հյուրերի համար պատրաստել էին համերգային ծրագիր, ինչը ներկայացրեցին մեծ հաջողությամբ` արժանանալով ծափողջյունների: Հանդիսության ավարտին երեխաների խնամքի և դաստիարակության գործում ունեցած ավանդի համար պարոն Գրիգորյանը շնորհակալագիր հանձնեց Մ. Իզմիրլյանի անվան մանկատան ավագ դաստիարակ Նունե Հայրապետյանին: Նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների վարչության գլխավոր մասնագետներ Լուիզա Ղարիբյանը և Կարինե Խաչատրյանը շնորհակալագրեր ստացան արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար: