ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով ազգային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա.Գրիգորյանը: Օրակարգում կար երկու հարց. Երևանի և մարզային հանձնաժողովների` հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ինտեգրելու ուղղությամբ 2010թ. կատարած աշխատանքների հաշվետվություն և ՀՀ–ում հաշմանդամության հիմնախնդիրների վերաբերյալ 2010թ. ազգային զեկույցը:
Բացելով նիստը` նախարարը նշեց, որ վերջերս մարզեր կատարած այցերի ընթացքում նկատել է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից օրենքով սահմանված գործառույթները պատշաճ իրականացվում են, սակայն հաշմանդամություն ունեցող մարդկանց հիմնախնդիրների լուծումը պահանջում է նոր մոտեցումներ: “Մենք պետք է ինքներս փոխվենք, կարողանանք մարդկանց կարիքները ճիշտ գնահատել, որպեսզի հնարավոր լինի արմատական փոփոխություններ կատարել: Անհրաժեշտ է գործընթաց ներառված բոլոր մարմինների, հասարակության բոլոր ակտիվ խմբերի սերտ համագործակցություն: Մշակվել է նոր օրենք, նոր հայեցակարգ և մենք ակնկալում ենք համատեղ, ամենօրյա աշխատանք` դրանցում ներառված դրույթներն իրագործելու համար”,- նշեց նախարարը:
Մարզային հանձնաժողովների նախագահների հաշվետվություններում մանրամասնորեն ներկայացված էին տարվա ընթացքում կատարված աշխատանքները: Ինչպես մարզային, այնպես էլ ազգային հանձնաժողովների անդամների կողմից ներկայացվեցին հետաքրքիր առաջարկներ: Մասնավորապես` կույրերի միավորման ներկայացուցիչը մտահոգություն հայտնեց, որ Երևան քաղաքի լուսավորության շղթաները բերվում են դրսից, մինչդեռ կույրերի միավորումն ունի բոլոր հնարավորությունները` որակով և ավելի մատչելի գներով դրանք արտադրել տեղում` լուծելով նաև տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց զբաղվածության խնդիրը: Առաջարկվեց նաև անապահովության գնահատման համակարգում միայնակ հաշմանդամների համար նախատեսել հատուկ ծածկագիր, որը հնարավորություն կտա նրանց ստանալ ընտանեկան նպաստ: “Հույսի կամուրջ” ՀԿ-ի նախագահ Ս. Թադևոսյանն առաջարկեց մշակել գործողությունների տարեկան ծրագրեր` իրատեսական չափորոշիչներով, որպեսզի հնարավոր լինի հստակ գնահատել հանձնաժողովների աշխատանքները: Առաջարկվեց նաև քաղաքապետարանի կողմից հարմարեցված տրանսպորտային միջոցներ ձեռք բերելուց առաջ խորհրդակցել տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց հետ: Բոլոր առաջարկություններն արձանագրվեցին:
Օրակարգի երկրորդ հարցի մասին զեկուցեց հաշմանդամների և տարեցների հիմնախնդիրների վարչության պետ Ա. Կեսոյանը: Հանձնաժողովի անդամները քվեարկությամբ հավանություն տվեցին ազգային զեկույցին:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ հաշմանդամություն ունեցող երեխաների ներառական կրթության ոլորտում հատկապես մարզերում կան համակողմանի քննարկման անհրաժեշտություն ունեցող հարցեր, որոշում կայացվեց Ազգային հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել ընդլայնված ձևաչափով` ՀՀ կրթության և գիտության և ՀՀ առողջապահության նախարարների մասնակցությամբ: