Հունիսի 11-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանը նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանի, նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների հետ այցելել էր Արմավիրի մարզ:
Այցի նպատակը մարզի բնակիչների հետ հանդիպումն էր, որի ընթացքում մասնակիցներին տրամադրվեց թարմ տեղեկատվություն ոլորտի նորությունների վերաբերյալ:
“Չնայած իրազեկման լայնամասշտաբ աշխատանքներին, մարդիկ լավատեղյակ չեն սոցիալական պաշտպանության ոլորտի նոր օրենքներին, ՀՀ կառավարության որոշումներին: Իսկ անիրազեկությունը հանգեցնում է շահառուների իրավունքների ոտնահարմանը, ձևավորում է բյուրոկրատիզմ` տեղի տալով կոռուպցիոն ռիսկերի”,-բացման խոսքում նշեց պարոն Մնացականյանը:
Արմավիրի մարզում, ինչպես և հանրապետության մյուս մարզերում, գործազուրկների թիվը մեծ է, բնակարանի կարիք շատերն ունեն, սոցիալական ծանր պայմաններում ապրող, բայց նպաստ չստացող ընտանիքների թվի նվազում չկա:
Հանդիպման ընթացքում քաղաքացիների կողմից տրվեցին բազմաթիվ հարցեր, որոնք հիմնականում առնչվում էին նպաստից զրկելու, կենսաթոշակների չափի, բնակարանների հատկացման հետ: Բոլոր հարցերին համակարգի պատասխանատուները տվեցին սպառիչ պատասխաններ:
Ամփոփելով այցը` նախարարը հավաստիացրեց, որ ոլորտում հետևողական են լինելու կոռուպցիան բացառելու գործում. “Մենք շատ լուրջ պայքար ենք մղելու այդ ուղղությամբ և նրանց նկատմամբ, ովքեր կհանդիպեն ճանապարհին, անողոք ենք լինելու: Նպաստը տրվում է ամենաանհրաժեշտ խնդիրները լուծելու համար և պետության աջակցությունը պետք է տրվի ըստ հասցեականության: Խնամիաբարեկամական ինստիտուտը վերացնելու ենք: Օրենքի գերակայությունը պետք է լինի բարձր աստիճանի վրա”, – եզրափակեց նախարարը:
Հանդիպման վերջում Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանը շնորհակալություն հայտնեց նման ներկայացուցչական կազմով առաջինն իրենց մարզ այցելելու և օգտակար հանդիպում անցկացնելու համար: