Հունիսի 8-ին Երևանի “Գոլդեն Թուլիփ” հյուրանոցում տեղի ունեցավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության թարմացված կայքում /www.employment.am/ տեղակայված աշխատանք փնտրողների և գործատուների շտեմարանի/որակավորումների գրանցամատյանի ներկայացումը, որին ներկա էին պատվավոր հյուրեր, նախարարության և գործակալության աշխատակիցներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:
Դեռևս 2010թ. փետրվարին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Աշխատանքի միջազգային կազմակերպության /ԱՄԿ/ միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը հիմք հանդիսացավ իրականացնելու այս ծրագիրը, որը ֆինանսավորվել է Եվրամիության կողմից:
Թարմացված կայքէջը հնարավորություն է տալիս աշխատանք փնտրողներին մի քանի րեպում առցանց գրանցվել կայքէջում, տեղադրել իրենց ինքնակենսագրությունը, դիմել թափուր աշխատատեղերի համար, ծանոթանալ կայքէջում առկա տեղեկատվությանը և նորություններին, էլեկտրոնային փոստի միջոցով ստանալ համակարգում առկա, իր պահանջներին համապատասխան աշխատանքի վերաբերյալ տեղեկատվություն, ստանալ խորհրդատվություն` աշխատանք փնտրելու հնարավորությունների վերաբերյալ:
Գործատուները ևս կարող են գրանցվել կայքէջում, տեղադրել թափուր աշխատատեղի վերաբերյալ հայտարարություն, էլեկտրոնային փոստի միջոցով ստանալ համակարգում առկա իրենց պահանջներին համապատասխան աշխատուժի վերաբերյալ տեղեկատվություն, ստանալ խորհրդատվություն` մասնագետներ գտնելու, զբաղվածության օրենսդրության և աշխատաշուկայի իրավիճակի վերաբերյալ:
Կայքէջում կարող են գրանցվել աշխատանք փնտրողները, այդ թվում` Հայաստանի սահմաններից դուրս բնակվող միգրանտները և հայկական սփյուռքի ներկայացուցիչները, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող գործատուները: Նրանք կարող են ծանոթանալ ՀՀ աշխատաշուկային, բնակչության զբաղվածության կարգավորման պետական ծրագրերին, զբաղվածության պետական ծառայության կողմից մատուցվող ծառայություններին, Հայաստանում գործող գործատուներին, նրանց մոտ առկա և սպասվող թափուր աշխատատեղերին, զբաղվածության օրենսդրությանը, միջազգային համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերին, զբաղվածության պետական ծառայության կողմից կազմակերպվող միջոցառումներին:
“Կայքէջը հստակ տեղեկատվության որոշակի հնարավորություն է տալիս թե աշխատանք որոնողին, թե գործատուին: Աշխատանք փնտրողների և գործատուների շտեմարանը նպատակաուղղված է որակավորված հայ միգրանտներին/սփյուռքին ներգրավել հայկական աշխատաշուկա, մասնավորապես այն ոլորտներում, որտեղ կա աշխատողների պակաս, ինչպես նաև աջակցել վերադարձողների վերաինտեգրմանը”,- իր խոսքում նշեց ՀՀ “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության պետ Սոնա Հարությունյանը