ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) աջակցությամբ իրականացվել է «Հայաստանի Հանրապետությունում հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող կազմակերպությունների շտեմարան» ուսումնասիրությունը: Հանրային քաղաքականության ինստիտուտի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ ապրիլի 19-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետությունում հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող կազմակերպությունների շտեմարան» զեկույցի շնորհանդես-քննարկումը։ Զեկույցի պատրաստման աշխատանքներում ներգրավվել են նաև անհատ փորձագետներ:
Զեկույցը ներառում է հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների մատուցման միջազգային չափորոշիչներն ու կարգավորումները, Հայաստանում հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող կազմակերպությունների տվյալները, ոլորտում առկա հիմնախնդիրները և այլն։
Շնորհանդեսի ընթացքում նախ ներկայացվեցին հոգեկան առողջության ոլորտում առկա խնդիրներն ու լուծման ուղիները, ապա՝ քննարկվեցին Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի ապաինստիտուցիոնալացման և այլընտրանքային (այդ թվում՝ համայնքահեն) ծառայությունների զարգացման հեռանկարները։
«Ապաինստիտուցիոնալացման մեր քաղաքականությունն ուղղված է նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հաստատություններից դուրս բերելուն՝ վերադարձնելով նրանց ընտանիք, ստեղծելով համայնքային ծառայություններ և ապահովելով խտրականությունից զերծ ապրելու նրանց իրավունքի իրացումը»,- իր բացման խոսքում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Փաստենք, որ 2018թ. դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող ավելի քան 50000 մարդ, որոնցից հաշմանդամություն ունի 22580-ը, նրանցից 2070-ը՝ երեխա:
Զեկույցի մասին առավել մանրամասն՝ այս հղումով: