ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ, որին մասնակցել են տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ներկայացնելով օրակարգային հարցերը, նշել է, որ ակնկալում է անկեղծ և բաց քննարկում:
Օրակարգում ներառված հիմնական հարցերը երկուսն էին՝ խորհրդի երկամյա գործունեության ծրագիր և տարեցների խնամքի ծառայությունների ապաինստիտուցիոնալացման և այլընտրանքային, համայնքային ծառայությունների զարգացում: Նախարարի խորհրդական Արայիկ Պետրոսյանը նախ ներկայացրել է խորհրդի գործունեության նոր ծրագիրը, ապա քննարկվել է 2019-2020թթ. աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտներում իրականացվելիք բարեփոխումները, հանրային հնչեղություն ունեցող հարցերի օպերատիվ քննարկումների դերը, ոլորտում իրականացվող ծրագրերի և ծառայությունների վերաբերյալ ամփոփ հաշվետվության ներկայացման անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքների ներկայացումը:
Տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանն անդրադարձել է տարեցների համար բարենպաստ և առողջ միջավայրի, արժանապատիվ ծերության ապահովման անհրաժեշտությանը՝ կարևորելով համայնքի և ընտանիքի դերը տարեց մարդու կյանքում, նրա ակտիվ մասնակցությունը համայնքային կյանքին:
Զարուհի Բաթոյանը անդրադարձել է նաև ծրագրերի իրականացմանը զուգահեռ վերահսկողության և մոնիթորինգի մեխանիզմների առավել արդյունավետ դարձնելու անհրաժեշտությանը.
«Ֆինանսական աջակցությունից զատ, կարևոր է տարեցներին հոգեբանական, սոցիալական վերականգնման ծառայությունների տրամադրումը: Մենք ունենք շատ լավ սոցիալական կապիտալ, հայկական ավանդույթները կարող են որպես լավ ռեսուրս օգտագործվել, որովհետև մեր երկրում հարգում են տարեցներին, գնահատում են նրանց, և մենք պետք է պայմաններ ստեղծենք, որպեսզի այդ սոցիալական կապիտալը ի նպաստ բոլորի օգտագործվի, որովհետև և՛ երիտասարդները ունեն տարեցների աջակցության կարիքը, և՛ տարեցները՝ երիտասարդների»,- ասել է նախարարը: