Մարզային հանդիպումները պետք է աշխատելաոճ լինեն. Ժաննա Անդրեասյան

0
308

Քաղաքացու օրը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր։

Այցի շրջանակում փոխնախարարը հանդիպել է գավառցիների հետ, լսել նրանց առաջարկներն ու մտահոգությունները, որոնք, հիմնականում, առնչվել են գործող իրավական կարգավորումներին. «Քաղաքացիների հետ շփումը իրապես կարևոր է, որովհետև այդ հանդիպումներն են հնարավորություն տալիս հասկանալ, թե թղթին գրվածը ինչպե՞ս է աշխատում, որտե՞ղ, ի՞նչ խնդիրներ կան և ինչպե՞ս է պետք դրանք կարգավորել։ Այս առումով հատկապես մարզային հանդիպումները շատ կարևոր են և դրանք պետք է պարբերական բնույթ կրեն, աշխատելաոճ լինեն»,- նշել է փոխնախարարը։

Նա հավաստիացրել է, որ քաղաքացիների մտահոգությունները նախարարության ուշադրության կենտրոնում կլինեն և օրենքի շրջանակում կարվի ամեն ինչ՝ դրանք կարգավորելու համար։ Տիկին Անդրեասյանը նաև կարևորել է մարզային սոցիալական ծառայությունների աշխատանքը և տարածքային մարմինների գործունեության արդյունավետությանն ու որակի բարձրացմանն ուղղված քայլերի ձեռնարկումը։

Փոխնախարարն այցելել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ, հանդիպել մանկատան աշխատակիցներին ու երեխաներին, ծանոթացել մանկատան աշխատակիցներին  հուզող խնդիրներին։

Տիկին Անդրեասյանը գոհունակություն է հայտնել հաստատությունում տիրող դրական մթնոլորտի վերաբերյալ, այնուհանդերձ, առաջնահերթ համարել երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը. «Շատ կարևոր է, որ մանկատներում խրախուսվի աշխատանքը կենսաբանական ընտանիքների հետ, և փնտրվեն ուղիներ, որպեսզի երեխաներն իրենց ընտանիքներում ապրեն։ Մեր քաղաքականությունն ուղղված է դրան, նաև նրանց մուտքը մանկատներ կանխարգելելուն»,- նշել է Ժ. Անդրեասյանը։