Գեմաֆին Գասպարյանը Քաղաքացու օրը նշել է Արմավիրի մարզում

0
198

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանն ապրիլի 27-ին, Քաղաքացու օրվա առիթով այցելել է Արմավիրի մարզ:

Մարզկենտրոնում հանդիպել է մարզպետարանի աշխատակիցներին և քաղաքացիներին, շրջել և զրուցել է նրանց հետ: Լսելով ներկայացրած խնդիրներն ու մտահոգությունները՝ նախարարի տեղակալը հավաստել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտում այս պահին տեղի են ունենում իրատեսական բարեփոխումներ, որոնց արդյունքներին քաղաքացին շուտով ականատես կլինի:

Մարզկենտրոնից հետո Գ. Գասպարյանն այցելել է Ֆերիկ գյուղ, որը հանրապետության եզդիաբնակ համայնքներից մեկն է: Ծանոթանալով համայնքի խնդիրներին և պայմաններին՝ խոստացել է բարձրացված հարցերն ուղղորդել համապատասխան պետական մարմիններ:

Նախարարի առաջին տեղակալն այցելել է նաև «Արևածագ» Արմավիրի երեխաների աջակցության կենտրոն, որտեղ բազմաթիվ վերականգնողական ծառայություններ են ստանում մարզի հաշմանդամություն  ունեցող երեխաները: Նա ծանոթացել է ծառայությունների տեսակներին, իրականացվող աշխատանքներին ու խնդիրներին:

Էջմիածին համայնքի երեխաներին տարատեսակ զբաղմունքներ, արհեստներ ու ծառայություններ է մատուցում նաև քաղաքի «Հայ միասնության խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունը: Գեմաֆին Գասպարյանն այցելել է նաև այնտեղ և տեղեկացել իրականացվող աշխատանքներին: