Սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացումը նախարարության առաջնահերթ նպատակներից է․ Ժաննա Անդրեասյան

0
820

«Սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացումը նախարարության առաջնահերթ նպատակներից է, որն արդեն իսկ ներառել ենք առաջիկա հինգ տարիների գործունեության ծրագրում։ Այսպիսով, այդ առաջնահերթությունը քաղաքական մակարդակով ամրագրել ենք»,– այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտի փորձագետների հետ հանդիպման ժամանակ ասել է փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Փոխնախարարը, դրական գնահատելով սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացմանն ուղղված քայլերը,  նշել է, որ դրանք, այնուամենայնիվ, դեռևս հեռու են բավարար լինելուց. «Պետք է հասկանանք, թե ինչպե՞ս ենք պատկերացնում սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացումը, ի՞նչ ժամկետներում, ի՞նչ ներդրումների, ի՞նչ ռեսուրսների ներգրավմամբ և ինչպիսի՞ գործառութային ու կառուցվածքային բաժանման պայմաններում է այն իրականանալու։ Որպես ածանցյալ, պետք է դիտարկել նաև «Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը կարող ենք համարել գործառնական նպատակ և քննարկել, թե ի՞նչ խնդրի է ծառայելու»:

«Սոցիալական աշխատողների ասոցիացիայի» նախագահ Միրա Անտոնյանն առաջարկել է սոցիալական ծառայությունների ստանդատների առանձնացում կատարել՝ (կոմպետենտության մակարդակների սահմանում), նաև սոցիալական աշխատողի աշխատանքի որակի վերահսկողության սահմանում։ Անտոնյանը խիստ կարևորել է մասնագիտական կրթության առկայությունը, նաև վերապատրաստման դասընթացների կազմակերպումը։

Հանդիպման ընթացքում, փոխնախարարը շեշտել է սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտում տիրող իրավիճակի ճիշտ «ախտորոշման» կարևորությունը, ինչը ենթադրում է աշխատուժի քարտեզագրում (ներառյալ մասնագիտական կրթություն ստացած շրջանավարտներ), ինչպես նաև ֆունկցիոնալ վերլուծություն։ Տիկին Անդրեասյանն առաջարկել է մշակել անելիքների ժամանակացույց, նաև քննարկման ասպեկտների աստիճանավորում ու թիրախավորում կատարել։