Արման Ուդումյանը հանդիպել է զբաղվածության ոլորտում ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ

0
357

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանի նախաձեռնությամբ մայիսի 2-ին տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում զբաղվածության ոլորտում ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման հիմնական նպատակն էր ապահովել փոխադարձ տեղեկացվածություն պետական և հասարակական կառույցների միջև՝ համատեղելու ջանքերը բնակչության զբաղվածությանն ուղղված առավել արդյունավետ քաղաքականություն և ծրագրեր իրականացնելու համար:

Նախարարի տեղակալը հանդիպման ընթացքում կարևորել է պետական և հասարակական կառույցների փոխադարձ վստահությունն ու համագործակցությունը ծրագրերի նպատակային և արդյունավետ իրականացման գործում: Նա ներկայացրել է զբաղվածության ոլորտում ներկայում իրականացվող պետական քաղաքականությունը, զբաղվածության պետական ծրագրերը: Խոսել է նաև զբաղվածության ոլորտի նոր ռազմավարություն մշակելու գործընթացի մասին՝ այդ համատեքստում ևս կարևորելով գործընկերների հետ համագործակցությունը:

Հանդիպմանը մասնակցել են մասնագիտական կրթությանն ու զբաղվածությանը, զբաղունակության հմտությունների զարգացմանն ու ձեռնարկատիրությանը, այդ թվում՝ սոցիալական ձեռնարկատիրությանն ուղղված ծրագրեր իրականացնող շուրջ 20 կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մասնակիցները ներկայացրել են թիրախային տարբեր խմբերի համար իրականացվող ընթացիկ ծրագրերը, գործիքակազմերը, խնդիրներն ու ձեռքբերումները, արդյունքների կայունության ապահովման քայլերը, նաև առաջիկա նախաձեռնությունները: Հանդիպման մասնակիցները խմբավորել են նաև ներկայացված ծրագրերը՝ ըստ թեմաների:

Այս ծրագրերն ընդգրկում են տարբեր թիրախային խմբեր Երևանում և հանրապետության մարզերում, որտեղ շեշտադրված են հիմնականում երիտասարդների, կանանց, տեղահանվածների (հատկապես՝ սիրիահայերի) զբաղվածության խնդիրները, ուղղված են տնտեսության մի շարք ոլորտներում (զբոսաշրջություն, գյուղատնտեսություն) աշխատուժի ներգրավմանը, հմտությունների զարգացման և աշխատանքի վրա հիմնված ուսուցումների միջոցով աշխատաշուկայում աշխատանք փնտրողների մրցունակության բարձրացմանը:

Հանդիպման ավարտին մասնակիցները ողջունել են նախաձեռնությունը: Առաջարկներ են հնչել այս ձևաչափով հանդիպումները դարձնելու շարունակական և ամրագրել են հետագա անելիքները.

  • քարտեզագրել բոլոր խնդիրները և մշակել արագ ու ճկուն արձագանքի մեխանիզմներ,
  • սահմանել թիրախային, խոցելի խմբերի/շահառուների ընտրության սկզբունքները,
  • սահմանել զբաղունակությանն ուղղված դասընթացների միասնական բովանդակություն,
  • կիսվել հետազոտական աշխատանքների արդյունքներով, ինչպես նաև նախապես քննարկել այս ոլորտում առաջարկվող նախաձեռնությունները՝ դրանք համադրելով պետական քաղաքականության առաջնահերթությունների հետ:

Արման Ուդումյանը հանդիպման ավարտին շնորհակալություն է հայտնել մասնակիցներին հետաքրքրվածության և փոխշահավետ հանդիպման համար: