Ծանոթացեք Եվրոպայի խորհրդի Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիային:
Ի՞նչ է ասում Ստամբուլի կոնվենցիան
- Պետությունը պատասխանատու է կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերի կանխարգելման, բռնության զոհերի պաշտպանության և բռնություն կատարողին պատասխանատվության ենթարկելու համար:
- Պետությունը պետք է նպաստի կանանց և տղամարդկանց միջև հավասարությանը և կանխարգելի բռնությունը կանանց նկատմամբ` խթանելով կոնֆլիկտները փոխադարձ հարգանքի միջոցով և առանց բռնության լուծելու գաղափարը, նպաստելով գենդերային կարծրատիպերի վերացմանը (ներառյալ այդ նպատակով կրթական նյութերի օգտագործումը):
- Պետությունը պետք է հետաքննի բռնության մասին բոլոր պնդումները և պատասխանատվության ենթարկի բռնարարներին:
- Պետությունը պետք է պաշտպանի և աջակցի նրանց, ովքեր բռնության են ենթարկվում (օրինակ՝ բռնարարներին տանից դուրս բերելով՝ ապահովելու համար տուժողի անվտանգությունը, և տրամադրելով հասանելի ապաստարաններ):
- Պետությունը պետք է ապահովի, որ տուժողները կարողանան փոխհատուցում պահանջել բռնարարից, և պետք է տրամադրի համապատասխան փոխհատուցումը, եթե այն չի կարող հատուցվել այլ աղբյուրներից:
- Պետությունը պետք է համակարգված մոտեցում ցուցաբերի տուժողներին աջակցելու և հետագա բռնություններից նրանց պաշտպանելու համար:
- Բռնությունից տուժողները պետք է տեղեկություն ունենան աջակցության ծառայությունների մասին, և դրանք պետք է հասանելի լինեն նրանց(այդ ծառայություններից են օրինակ՝ շուրջօրյա հեռախոսային թեժ գծերը, սեռական բռնության ճգնաժամային կենտրոնները, խորհրդատվությունները և ապաստարանները):
- Քաղաքացիական հասարակությունը մեծ դեր ունի բռնությունից տուժողներին կենսական նշանակության ծառայությունների մատուցման առումով: Քաղաքացիական հասարակությունը բարձրացնում է հասարակության իրազեկման մակարդակը և նպաստում է դիրքորոշումների փոփոխությանը՝ զրո հանդուրժողականության մշակույթի տարածման համար:
- Ոստիկանության և արդարադատության համակարգի մասնագետները պետք է վերապատրաստվեն տուժողների իրավունքների և հետագա վնասները կանխարգելելու ուղղությամբ՝ արձագանքելու և վտանգավոր իրավիճակները կառավարելու համար:
- Ի՞նչ չի ասում Ստամբուլի կոնվենցիան
- Չկա ոչ մի վտանգ ընտանիքի կոնցեպտի տեսանկյունից: Կոնվենցիան չի կարգավորում ընտանեկան կյանքը կամ ընտանիքի կառուցվածքը, և պետությունները ստիպված չեն փոխել ընտանիքի մասին ավանդական պատկերացումները:
- Ավանդույթներն ու արժեքները վտանգի տակ չեն: Կոնվենցիան միմիայն նշում է, որ ավանդույթները, մշակույթը և կրոնը չեն կարող կանանց նկատմամբ բռնությունն արդարացնելու հիմք հանդիսանալ։
- «Գենդեր» բառը չի փոխարինում «կանայք» և «տղամարդիկ» եզրերին։ Կոնվենցիայում «գենդեր» բառն օտագործվում է՝ մատնանշելու համար, որ կանանց ավելի հաճախ են ենթարկում բռնության, քանի որ նրանք կին են:
- Կոնվենցիան չի անդրադառնում նույնասեռ ամուսնությունների ընդունմանը: Կոնվենցիան որևէ կերպ չի ազդում ամուսնության մասին ազգային օրենսդրության վրա:
- «Երրորդ գենդեր»-ը ներկայացված չէ կոնվենցիայում: Չկա նաև դրա ընդունման որևէ պարտավորություն: Պետությունները միայն պարտավորվում են պաշտպանել տուժողների իրավունքները առանց որևէ խտրականության, ներառյալ սեռը, ռասան, կրոնը, լեզուն, տարիքը, ամուսնական կարգավիճակը, սեռական կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունը:
- Գենդերային հավասարության հասնելու և կարծրատիպերի դեմ պայքարելու համար որևէ կրթական մոդել Կոնվենցիան չի պարտադրում: Պետություններն ազատ են հաշվի առնելու իրենց հնարավորություններն՝ առավել համապատասխան կրթական նյութեր և մոտեցումներ ընտրելիս:
- Բռնության ենթարկված տղամարդիկ դուրս չեն մնում կոնվենցիայից: Ընտանեկան բռնության ծառայությունները պետք է մատուցվեն նաև տղաներին և տղամարդկանց:
- Կոնվենցիայի շրջանակներում միգրացիայի և ապաստանի հայցման քաղաքականությունները հարցականի տակ չեն դրվում: Կոնվենցիան ընդունում է, որ միգրանտ և ապաստան հայցող կանայք հատկապես խոցելի են գենդերային բռնության տեսանկյունից, և, ըստ այդմ, կոնվենցիան հայցում է, որ պետությունները հաշվի կառնեն այս կանանց հատուկ կարիքները:
Եվրոպայի Խորհրդի Ստամբուլի կոնվենցիան մարդու իրավունքների պայմանագիր է՝ ուղղված կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելմանը և դրա դեմ պայքարին: Այն ստորագրվել է ԵՄ բոլոր պետությունների կողմից:
Փաստ 1
Կանանց նկատմամբ բռնությունը և ընտանեկան բռնությունը մարդու իրավունքների խախտում է և մեծ տարածում ունի ամբողջ Եվրոպայում: Տարբեր պետություններ տարբեր քաղաքականություններ են վարում, սակայն ներդաշնակ օրենսդրական չափորոշիչները օգնում են ապահովելու, որ բռնությունից տուժողներն ունենան նույն մակարդակի պաշտպանություն և աջակցություն բոլոր երկրներում:
Փաստ 2
Չի կարող լինել կանանց և տղամարդկանց միջև իրական հավասարություն, եթե կանանց ենթարկում են բռնության, իսկ պետությունները աչք են փակում այդ հանգամանքի վրա:
Փաստ 3
Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպայի խորհուրդը կիսում են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության վերացման ընդհանուր նպատակը: Այդ նպատակին հասնելու համար Եվրոպայի խորհրդի անդամ 34 պետություն վավերացրել է Ստամբուլի կոնվենցիան: