Երեխա որդեգրել ցանկացողները նախապատրաստական դասընթացներ կանցնեն

0
260

Այսօրվա նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների ծրագրի կազմակերպման և  անցկացման» կարգին, որով սահմանվում են դասընթացների ծրագրի բովանդակությունը և դրան ներկայացվող պահանջները:

Հայաստանի Հանրապետությունում առանց ծնողական խնամքի մնացած   երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականության հիմնական սկզբունքը երեխաների խնամքը և դաստիարակությունն ընտանիքում ապահովելն է՝ խնամքի հաստատությունից երեխային կենսաբանական ընտանիք վերադարձնելու, խնամակալության (հոգաբարձության) կամ որդեգրման հանձնելու, խնամատար ընտանիքում խնամքը կազմակերպելու և այլընտրանքային ծառայությունների տրամադրման  միջոցով:

Այդ քաղաքականությունից ելնելով կարևորվում է որդեգրել ցան­կա­­ցող անձանց համար դասընթացի կազմակերպումը, ինչը թույլ կտա զարգացնել որդեգրել ցանկացող անձանց ծնողավարման հմտությունները, ձեռք բերել բավարար ունակություններ ու հնարավորություններ՝ ապահովելու համար երեխայի պատշաճ խնամքը, դաստիարակությունը, նրա իրավունքների և շահերի պաշտպանությունը:

Որդեգրել ցանկացող անձանց համար դասընթացները կազմակերպվում են  որդեգրված երեխայի խնամքի և դաստիարակության  համար անհրաժեշտ՝ որդեգրել  ցանկացող անձին հոգեբանական, մանկավարժական և իրավական աջակցություն տրամադրելու նպատակով:

Ըստ հաստատված կարգի՝ որդեգրել ցանկացող անձանց դասընթացներն իրականացվում են երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացություն ստանալուց հետո եռամսյա ժամկետում: Երեխա որդեգրելու հնարավորության մասին բացասական եզրակացություն ստացած քաղաքացիները դասընթացներին չեն մասնակցում:

Որդեգրել ցանկացող անձանց ցանկությամբ դասընթացներն անցնում եմ առկա կամ հեռավար եղանակով:

Իրենց մշտական բնակության երկրից դասընթացներ անցնելու փաստը հավաստող փաստաթուղթ չներկայացրած որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացիների համար դասընթացները Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվում է վճարովի հիմունքներով, այդ թվում օտար լեզվով` անգլերեն, ռուսերեն կամ համապատասխան թարգմանչի միջոցով: Որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացիները դասընթացն անցնում են մինչև որդեգրել ցանկացող անձանց և որդեգրման ենթակա երեխաների համադրման գործընթացի սկսելը:

Երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացություն ստացած երեխայի խորթ հայրը, խորթ մայրը կամ մերձավոր ազգականները, ովքեր երեխային որդեգրում են ծնողի գրավոր համաձայնության հիման վրա, կարող են չմասնակցել դասընթացներին:

Դասընթացների հիմնական նպատակը որդեգրողների ընտանիքում որդեգրված երեխայի  նկատմամբ որակյալ  խնամքի և դաստիարակության տրամադրմանը և նրանց  օրինական շահերի և իրավունքների պաշտպանության ապահովմանը նպաստելն է: